211652_close_icon
views-count10847 դիտում article-date 14:17 24-03-2022

Հայաստանում վիճակը բարդանում է, բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ քաղաքացիների՝ հայտարարելով, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է:

«Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել՝ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում:

Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե հասկանում են, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնեն և դա անում են այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին. «Իսկ թե մենք ինչպես ենք հավաքագում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով:

Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:

Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն:

Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը. «Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավել ևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են:

Տնտեսության հետ կապված, ուզում եմ խոսել նաև լավատեսական նորությունների մասին: Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է ավելի քան 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:

Էական է նաև, որ փետրվարին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսվա համար բացարձակ ռեկորդ ունենք 646 077, որը 2021 թվականի համեմատ ավելի է 10.3 տոկոսով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 9 տոկոսով, 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 25.3 տոկոսով: Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականը մեր լավագույն տարին է եղել, և համեմատություններն այդ տարվա հետ են: Բայց նաև պիտի ասեմ, որ, դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, թե հիմա գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ. «Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա թերևս մեր պատմական առաքելությունն է»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր