211652_close_icon
views-count1698 դիտում article-date 13:51 24-03-2022

Ադրբեջանը զանազան սադրանքներով փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից․ Փաշինյան

Ադրբեջանն արդեն 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, թե այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունն ու խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս իմաստով խիստ խորհրդանշական եւ խոսուն է Ադրբեջանի ԱԳՆ-ի նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, որ Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն մի նայեք եւ թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր հակաահաբեկչական գործողությունների անվան ներքո ավարտին հասցնել Արցախն էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականության  միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող եւ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը լրատվամիջոցները, ՀԿ-ները, անհատները, սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ եւ լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը բոլոր ատյաններում:

Սիրելի հայրենակիցները, իհարկե, շատերն այս իրադարձությանն արձագանքում են՝ հիշեցնելով եւ քննադատելով մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ  զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը: Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունը այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժետ են ամուր նյարդեր ու մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր