211652_close_icon
views-count5170 դիտում article-date 18:19 23-03-2022

Goal-ը հեռացրել է Զախարյանի անունն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից և պարզաբանում տվել

Արսեն Զախարյանը դուրս է մնացել Goal-ի վարկածով աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից։

Goal.com-ն ի սկզբանե ընդգրկել է Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանին աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների 50-յակում։ Հրապարակումը վերջին պահին որոշել է 18-ամյա կիսապաշտպանին հեռացնել ցուցակից։ Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Զախարյանի՝ ցուցակում ընդգրկվելու մասին մենք գիտեինք մեկ ամիս առաջ։ Մեր ակումբը հարցազրույց է պատրաստել խաղացողի հետ։ Մեկ շաբաթ առաջ կայքի և մրցանակի ներկայացուցիչը վստահեցնում էր, որ, պատկերավոր ասած, ֆուտբոլը քաղաքականությունից դուրս է, և Զախարյանը կլինի ցուցակում։ Նամակագրություն կա։ Նրա հեռացման մասին մեզ չեն ծանուցել։ Եվ, անկեղծ ասած, սա ամենատարօրինակ բանն է, որ կարող է լինել»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Զախարյանը դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, այժմ նրա ազգանվան փոխարեն նշվում է «No player»։

Ավելի ուշ Goal.com-ը պորտալը հրապարակել է հայտարարություն, որտեղ պարզաբանել է, թե ինչու է Արսեն Զախարյանի հանել լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկից։

«Մեր հանձնաժողովը Արսեն Զախարյանին 11-րդ տեղում էր նշել, երբ վարկանիշը կազմել են դեռևս Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Մեր վարկանիշը գոյություն ունի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին նշելու համար։ Զախարյանն անկասկած նրանցից մեկն է, և հուսով ենք, որ նա մեծ ապագա կունենա։

Սակայն միանալով ռուսական ակումբների դեմ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի պատժամիջոցներին՝ մենք չենք ցանկանում աջակցել կամ ճանաչել այն թիմերին, որոնցում հանդես է գալիս Զախարյանը։ Ուստի մենք որոշել ենք թափուր թողնել 11-րդ տեղը»,- մեջբերում է Goal-ին Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր