211652_close_icon
views-count1266 դիտում article-date 14:26 22-03-2022

Մահացել է նկարիչ Էդուարդ Առաքելյանը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Առաքելյանը: Հայաստանի նկարիչների միության տարածած հաղորդագրության մեջ, նշված է, որ միությունը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Էդուարդ Առաքելյանը ծնվել է 1950 թվականին Լենինականում։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1966 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժին։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1978-1998 թվականներին դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1981 թվականից ընդգրկվել է հայ երիտասարդ նկարիչների միությունում։ «Սպիտակ վարդեր» ստեղծագործությունով 1988 թվականին Լեհաստանում մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1991 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1994 թվականին երկու ամսով բնակվել և ստեղծագործել է Շվեդիայում։ 

Ստեղծագործությունները գտնվում են Ավստրալիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Կանադայի, ԱՄՆ մասնավոր հավաքածուներում, ԽՍՀՄ և եվրոպական մի շարք թանգարաններում։ 

1994-1998 թվականներին ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում։ 

1998 թվականից բնակվում էր Նյու Յորքում։ 

1998 թվականին Monica Goldstroms պատկերասրահում մասնակցել է Լոնգ Այլենդի կրծքի քաղցկեղի հիմնադրամին նվիրված ցուցահանդեսին։ 

Աշխատանքները ներկայումս ցուցադրվում են Կալիֆորնիայի Royal Design Connection պատկերասրահում։

Նմանատիպ նյութեր