211652_close_icon
views-count1327 դիտում article-date 12:06 22-03-2022

Հայաստանի հեռուստատեսության տարեգրության էջերից. հեռուստաներկայացումներ ու կինոնկարներ. Սերգո Երիցյան

Սերգո Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պատմությունը վկայում է,որ Հայաստանի հեռուստատեսության ստեղծումից հետո, որքան էլ դժվար էր, այնտեղ եկած արվեստագետները արագ հասկացան, որ հեռուստատեսությունը նաև արվեստի նոր, հետաքրքիր ու գրավիչ  տեսակ է։ Եվ օգտագործելով կինոյի հարուստ փորձը` սկսեցին վավերագրական, ապա ակնարկ֊կարճամետրաժ, հետո էլ գեղարվեստական կինոնկարներ նկարահանել։

Այդ ճանապարհը երկար չէր` «Առաջին նամակից» մինչև «Ձորի Միրո», բայց բեղուն ու լայն լսարան ունեցող։ Այդ որոնումների արդյունքով ու եթերի զարգացման ընթացքով նախսդրյալներ ստեղծվեցին, որ հիմնադրվի կինոնկարների «Երևան» ստուդիան` իր ավելի լայն ծավալներով ու ընդգրկումով։    

Հեռուստաներկայացումները ևս շատ արագ մուտք գործեցին նորաստեղծ եթեր, չնայած հեշտ չէր կենդանի եթերում աշխատելը։ Փաստորեն, երկրում մի նոր թատրոն ստեղծվեց։ Այո, այդ ամենը իրականացվում էր կենդանի եթերով և 60 քառակուսի մետրանոց փոքրիկ ու նեղ ստուդիայում։ Օրինակ, երբ ներկայացվեց Կարլ Չապեկի «Սպիտակ հիվանդությունը» պիեսի հեռուստաբեմադրությունը, այնքան մեծ էր հետաքրքրությունը դրա նկատմամբ, որ այն կրկնվեց, ասել է, թե կենդանի կատարմամբ նորից բեմադրվեց։

Փաստորեն, այդպես կրկնեցին այլ ներկայացումներ։ Օպերատոր Ռաֆայել Գալստյանը «Հայաստանի հեռուստատեսություն. զարգացման 50 տարի» գրոում հիշում է, որ այդ նույն շրջանում բեմադրվեցին Սերո Խանզադյանի «Հովիվ Հասրաթը», Նար֊Դոսի «Ես և նա» պատմվածքների հիման վրա ստեղծած ներկայացումները, որոնք ևս մեծ լսարան ունեցան։ Հեռուստաներկայացումները դարձան եթերի անբաժանելի մասը, իսկ մի քանի տարի անց` ամեն երկուշաբթի, երբ ավանդական թատրոնները հանգստանում էին, եթերից անբաժան դարձան թատերական երկուշաբթիները։

Որպես կանոն, ամեն երկուշաբթի եթեր էին տրվում նոր ներկայացումների ցուցադրություններ։ Իսկ երբ հեռուստատեսություն եկավ տեսագրությունը, հնարավորություն տվեց դրա միջոցով ապագային փոխանցել  200֊ից ավելի հեռուստատեսային ներկայացում։

Անշուշտ, քիչ չեն եղել կորուստները ինչպես տեսագրության անհնարինության, նաև տեխնիկական դժվարությունների, անկատարությունների և թյուրիմացությունների պատճառով։ Ասում են, որ ջնջվել են նաև որոշ ներկայացումների տեսագրություններ։ Իսկ հանրային հեռուստատեսության ծրագրում «Թատերական երկուշաբթիների» յուրովի վերականգնումը պետք է միայն ողջունել և համարել կարևոր քայլ։ Եվ ընդհանրապես թատերական և կինոարվեստները իրենց բարձր արժեքային համակարգով առնվազն  հաստատուն տեղ պետք է ունենան Հանրայինի եթերում, որը իր առաքելության համաձայն պետք է հեռու մնա անհասկանալի, անբովանդակ սերիալներից, սիթքոմներից և նմանօրինակ կասկածելի հեռուստածրագրերից։

Հեռուստաեթերի առաջին քայլերը մեզ պետք է հուշեն, որ լավագույն ավանդույթները միշտ շարունակելու ու պահպանելու կարիք ունեն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր