211652_close_icon
views-count4135 դիտում article-date 11:34 20-03-2022

Վարչապետը Նոուրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի՝ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ արգասաբերությամբ և խաղաղությամբ։

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ հազարամյակների պատմություն ունեցող և փոխվստահության ու հարգանքի մթնոլորտում ձևավորված հայ-իրանական հարաբերությունները շարունակում են անշեղ զարգացման իրենց բնականոն ընթացքը։

Մեծապես կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։          

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն։                  

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։ 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանի՝ Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և ծաղկման տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանավորվի անխախտ խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով։           

Բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, խարսխված միջմշակութային ամուր և փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։ 

Վստահ եմ, որ համատեղ անխոնջ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության։        

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն։       

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։   

Նմանատիպ նյութեր