211652_close_icon
views-count4132 դիտում article-date 21:31 19-03-2022

Մարտունու սահմանապահ Հերհեր գյուղի երեխաներն են, բազմանշանակ իրենց ժպիտներով ասում են՝ ՍՏԵՂ ԸՆՔ. Արմինե Հայրապետյան

44-օրյա պատերազմի հետևանքով Եռաբլուրում հերոսների 918 նոր շիրիմ է ավելացել․ շիրիմներից 234-ը արցախցի տղաներինն են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը:

«Պաշտոնական վերջին տվյալներով 44-օրյա պատերազմում Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից մեր զոհերի թիվը 3812 է, որից 822-ը Արցախի քաղաքացիներ են։

Հայկական կողմից անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ, որոնցից 45 զինծառայող և 20 քաղաքացիական անձ Արցախի քաղաքացիներ են։ Այս թվերը նոր չեն և հավանաբար փոփոխվել են վերջին ամիսների ընթացքում, սակայն դրանից չի փոխվում պատերազմում մեր կրած մարդկային կորուստների վիճակագրությունը․ 44-օրյա պատերազմի մեր զոհերի մոտավորապես ¼-ը արցախցիներ են (հիշեցում՝ Արցախի Հանրապետության բնակչության թիվը պատերազմից առաջ եղել է մոտ 145 000։ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը մոտ 2 մլն 900 000 է)։
Ներկա պահին Արցախի բնակչության թիվը մոտավորապես 120 000 է։

Պատերազմից հետո Արցախ չվերադարձած արցախցիների թիվը մոտ 21 000 է։ Այս թիվը կազմում են Արցախի բռնազավթված 4 շրջանների բնակիչները, որոնք մինչ օրս Արցախ չեն վերադրաձել բնակֆոնդի բացակայության պատճառով։

Ուստի բոլոր նրանք, ովքեր օգտագործելով իրենց հանրային խոսքի իրավունքը, շարունակաբար պնդում են, թե «Արցախում մարդ չկա, ղարաբաղցիներից ոչ ոք չի ուզում վերադառնալ Ղարաբաղ», պետք է գիտակցեն, որ իրենց սուտ հայտարարություններով ընդամենը «հաստատում են» Ալիևի հնչեցրած միտքն, ըստ որի «Ղարաբաղի հայազգի բնակչության թիվը պատերազմից հետո 25 000 է»։

Ի հեճուկս բոլոր այս պնդումների, Արցախ վերադարձած ու այսօր մոտ 120 000-ի հասնող արցախահայությունը կառչած է իր հողին։ Արցախցին իր տանն այսօր ապրում է՝ առանց անվտանգության երաշխիքների, կենցաղային անհրաժեշտ պայմանների ու սառնամանիքի պարագայում ջեռուցումից զրկված ու հոսանք խնայելով, և որ ամենաբարդն է՝ թշնամու մշտական թիրախում, բայց չի պատրաստվում հանձնվել, ինչպես որ չի արել դա երբեք։

Իսկ բոլոր նրանք, ովքեր պարբերաբար վիրավորում են արցախցիներին, ասելով, թե «նոյեմբերի 6-ին ղարաբաղցիները լքել են իրենց տները և դրա համար էլ թշնամին գրավել է Շուշին», իրականում զբաղված են փոքրոգի մանիպուլյացիայով․ բոլորին շատ լավ հայտնի է, որ 2020-ի նոյեմբերի 6-ի Ստեփանակերտի տարհանումը իրականացվել է միայն խաղաղ բնակչության շրջանում, քանի որ մինչև նոյեմբերի 6-ը Ստեփանակերտ քաղաքի բնակչության մի մասը դեռևս քաղաքում էր՝ ռմբապաստարաններում պատսպարված, երբ թշնամին արդեն գրեթե Ստեփանակերտի մատույցներում էր։

Ուստի հերոսաբար ամբողջ պատերազմը առաջնագծին թիկունք եղած և տարհանման ենթարկված խաղաղ բնակչությանն անվանել «փախած»՝ մեղմ ասած անթույլատրելի է։ Իսկ տարհանման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, հուսանք, հետագայում կտան պատկան մարմինները։

Եվ վերջում՝ յուրաքանչյուր հայ եթե գիտակցի իր խոսքի հանրային կշիռը, ազդեցությունն ու հետևանքները, ձեռնպահ մնա վիրավորական, մեր հանրությունը տարանջատող, ազգի ներսում «ղարաբաղցի-հայաստանցի» ներքին թշնամանք հրահրող հայտարարություններից, մեր խնդիրներն անհամեմատ շատ ավելի հեշտ հաղթահարելի կլինեն։ Երկընտրանք չունի Չարենցյան ճշմարտությունը՝ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։

Լուսանկարում Մարտունու սահմանապահ Հերհեր գյուղի երեխաներն են, բազմանշանակ իրենց ժպիտներով ասում են՝ ՍՏԵՂ ԸՆՔ!!!»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր