211652_close_icon
views-count4376 դիտում article-date 14:54 18-03-2022

Փոխնախարարն այցելել է «Սասստեքս» և «Սարտեքս» ընկերություններ. հնչեցվել են առաջարկներ ոլորտի զարգացման վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է «Սասստեքս» և «Սարտեքս» ընկերություններ։

«Սասստեքս» ընկերությունն արտադրում է արտահագուստ և սպորտային հագուստ։ Արտադրամասը հագեցած է արդիական սարքավորումներով: Արտադրանք արտահանվում է դեպի ԵՄ մի շարք երկրներ։

Ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին Ռաֆայել Գևորգյանին ներկայացրել է ընկերության ընթացիկ աշխատանքները, ընդլայնվող արտադրական տարածքը, առաջիկա ծրագրերն ու ոլորտի զարգացման իր տեսլականը։

«Սարտեքս» ընկերությունը զբաղվում է իտալական MaxMara, Moncler, Peuterey, Prada և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ։ Ընկերությունը համալրված է ձևանմուշների լազերային կտրման ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավություն են տալիս պատրաստել գերճշգրիտ ձևանմուշներ արտադրական գործընթացի համար։

Ընկերությունն ունի նաև ուսումնական բաժին, որտեղ անցկացվում են կարի մեկամսյա դասընթացներ։

Ընկերության տնօրեն Սուրեն Մկրտումյանը երկարատև քննարկման ընթացքում ներկայացրել է հանրահայտ բրենդերի հագուստ արտադրելու առանձնահատկությունները, արտադրանքի վերհսկողության համակարգը, ինչպես նաև հնչեցվել են առաջարկներ ոլորտի զարգացման վերաբերյալ։

Ռաֆայել Գևորգյանը ընկերությունների ղեկավարներին ներկայացրել է թեթև արդյունաբերության աջակցման նոր գործիքը՝ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները։

«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

Նմանատիպ նյութեր