211652_close_icon
views-count1797 դիտում article-date 11:11 18-03-2022

ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նախկինում հնչած բազմաթիվ քննադատություններին՝ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարության նիստում ընդունվել է մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու երկու որոշում:

Դրանցից մեկը վերաբերում է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցմանը: Իսկ մյուսն էլ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հրատապ խնդիր է դարձել Վերին Խոտանան գյուղը շրջանցող եւ անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը, եւ նաեւ այդ պատճառով գնումը իրականացվում է արագ ընթացակարգով՝ մեկ անձից: Սա նույնն է, որ Կառավարությունը իր վստահելի, հարազատ, սիրելի կամ գուցե «փայատեր» ընկերությանը առանց մրցույթի գործ է պատվիրում եւ պետբյուջեից վճարում է դրա համար:

Նախկինում Նիկոլ Փաշինյանն այս երեւույթներից բոլորի թիկունքում ատկատի մեխանիզմ էր փնտրում. հետաքրքիր է՝ հիմա ինչու է հանդուրժում ատկատի մեխանիզմի գործադրումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր