211652_close_icon
views-count13034 դիտում article-date 10:12 18-03-2022

ՌԴ-ի տնտեսական պատուհանը բաց է միայն Թուրքիայով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամում օրեցօր մեծանում է Թուրքիայի դերակատարությունը: Պաշտոնական Անկարան ձգտում է հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական միջնորդի առաքելություն ստանձնել՝ գործընկերային հարաբերություններ պահպանելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ:

Չնայած այն բանին, որ Անկարան անընդհատ բայրաքթարներ է մատակարարում Կիեւին, որոնք ռուսական զինված ուժերին կորուստներ պատճառելու հիմնական միջոցն են, եւ բացի այդ էլ տեղեկություններ կան, որ ինչպես արցախյան պատերազմում, այնպես էլ ուկրաինականում դրանց օպերատորները թուրք զինվորականներ են, այնուամենայնիվ, Մոսկվան չի ցանկանում վատացնել հարաբերությունները վերջինիս հետ: Սա է փաստում մարտի 16-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Բանակցություններին հաջորդած ճեպազրույցում վերջինս բաց տեքստով հայտարարեց, որ Թուրքիան, նպատակ ունենալով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Ուկրաինայի հետ, փորձում է միջնորդի դեր ստանձնել նրանց միջեւ առկա հակամարտության պայմաններում: Սերգեյ Լավրովն էլ նշեց, որ չնայած Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առկա են որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցում, այդուհանդերձ, իրենք ողջունում են Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը: Չավուշօղլուն իր հերթին եւս մեկ անգամ ընդգծեց, որ Անկարան ցանկանում է՝  ճգնաժամն ավարտվի խաղաղ ճանապարհով։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական գործընթացներին: Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Կազմակերպվել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը եւ մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ»: 

Հանդիպումից հետո հնչած ուղերձներից պարզ է դառնում, որ ՌԴ-ն բնական է համարում Ուկրաինայի պատերազմում Թուրքիայի, ինչպես իրենք են հայտարարել, մասնավոր ընկերության կողմից բայրաքթարների վաճառքը: Նկատենք, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չվատացնելով էլ Անկարան մեծ տնտեսական շահույթ է ապահովում իր համար: Այսօր դեպի արեւմուտք ՌԴ-ի տնտեսական պատուհանը բաց է միայն Թուրքիայով»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր