211652_close_icon
views-count1495 դիտում article-date 15:37 17-03-2022

Կառավարությունը հաստատեց Երվանդ Սերոբյանին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերյոժի Սերոբյանի ընտրության արդյունքները:

Երվանդ Սերոբյանը նախ շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդին՝ վստահության համար. «Միտված ենք առաջնահերթ լուծելու կրթության որակի խնդիրը, այդ ասպեկտում նաեւ մեծացնել բուն կրթության հարցերում հետազոտական բաղադրիչի եւ գործնական պարապմունքների քանակը: Աչքաթող չի արվելու նաեւ շուրջ 500 աշխատողների սոցիալական խնդիրները»:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

2022 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթն ընթացել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամներից 19-ը:

 Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի  19 անդամների ձայների մեծամասնությամբ` 12 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերյոժի Սերոբյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր