211652_close_icon
views-count1526 դիտում article-date 15:13 17-03-2022

Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. Փաշինյանը թվարկեց մի քանի ռեֆորմ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին. նպատակը համայնքի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս նախաձեռնության նպատակը համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է, որը հնարավորություն կստեղծի կառավարել համայնքի ֆինանսական միջոցները, որն էլ հիմք կհանդիսանա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար:

«Նախատեսվում է, որ համայնքի ավագանին մինչեւ այս տարվա հոկտեմբերի 10-ը հաստատի համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը առաջիկա 3 տարիների համար եւ ներկայացնի մարզպետին: Միջինժամկետ ծրագրի  կազմման համար հիմք է հանդիսանում համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սա կարևոր որոշում է. հանրային ֆինանսների արդյունավետ կառավարումը ամենամեծ մարտահրավերներից մեկն է ցանկացած երկրում, առավել ևս, Հայաստանում:

«Մենք այս որոշումը կարևոր ենք համարում այն տրամաբանությամբ, որ կառավարություն-ՏԻՄ համագործակցության ու համատեղ ներդրումների որոշակի համակարգ է ստեղծվել ու կարևոր է, որ ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն փորձենք սինխրոնանցել կառավարության հետ», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է փորձել միջոցները ծախսել մաքսիմալ արդյունավետ ու ժամանակին:

«Ամենաթանկ բանը ժամանակն է, միշտ էլ պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումները ճիշտ ժամանակին անել», - ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե այս գործընթացը խոշոր ռեֆորմ է. «Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում, բայց սա շատ խոշոր ռեֆորմ է եւ մենք հանրային ներդրումների արդյունավետությունը կտրուկ բարձրացնում ենք», - ասաց նա:

«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», - հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց. «Այսօրվա մեր նիստի երկու թեմաները ամենախոշոր երկու ռեֆորմների մասին են: Ես ուզում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարեւոր ռեֆորմ է: Այս բոլոր ռեֆորմները չունեն մեկ ուղղություն: Դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական են: Հույս ունեմ՝ մենք այս ճանապարհը կշարունակենք»:

Նմանատիպ նյութեր