211652_close_icon
views-count2742 դիտում article-date 15:02 17-03-2022

Գործադիրը հավանություն չտվեց միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու մասին օրենքի նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Այս փոփոխությամբ առաջարկվում է օրենքում կատարել լրացում, որի արդյունքում կարգավորումը կունենա հետևյալ բովանդակությունը.

Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`

Միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը չի կարող պակաս լինել 20 միլիոն դրամից:

Եթե միակ բնակարանն իրացվում է կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա ՀՀ կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին:

Որպես առաջարկվող կարգավորման հիմնավորում, ի թիվս այլնի, նշվում է Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 808-Ն որոշմամբ միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն գումարի չափը՝ անհրաժեշտ չափից չափազանց նվազ լինելը: Մինչդեռ, հիմնավորմամբ որևէ եղանակով չի սահմանվում կամ չի բացահայտվում «անհրաժեշտ չափ» հասկացությունը: Այսինքն, պարզ չէ, թե որն է անհրաժեշտ չափը, և ինչ չափով է Կառավարության որոշմամբ սահմանված գումարի չափը նվազ դրանից: Հիմնավորված չէ նաև նվազագույն գումարի չափի՝ 20.000.000 դրամի ընտրությունը, ներկայացված չեն այդ գումարի հաշվարկման հիմքերն ու չափանիշները:

Բռնագանձման ոչ ենթակա անշարժ գույքերի քանակը նախագծի ընդունման դեպքում աճելու է, ինչն էլ կբերի կատարողական վարույթներով թերակատարումների և պահանջատերերի իրավունքների վտանգման։

Հարկ է նշել, որ պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափ սահմանելու մասին որոշմամբ սահմանված նվազագույն չափը որոշելու համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շեն-քերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի շուկայական միջինացված գինը:

Տվյալ նախագծով չեն ներկայացվել հիմնավորումներ ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ ըստ տարածաշրջանների, անշարժ գույքի շուկայական միջինացված գնի, անշարժ գույքի արժեքի փոփոխությունների, միաժամանակ 4.900.000  դրամի սահմաններում նվազագույն մակերեսով բնակարան ձեռք բերելու աննպատակահարմարության և անհնարինության վերաբերյալ: 

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 9-րդ կետով, համաձայն որի բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող`

Միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում՝ ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր և վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:

Որպես նշված առաջարկի հիմնավորում՝ նշվում է, որ «կարգավորման նպատակը, inter alia, բազմազավակ ընտանիքների համար սոցիալական կայունության յուրահատուկ երաշխիքի ապահովումն է,  որի  պարագայում կբացառվի նրանց անօթևան մնալը»:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հ օրենսդրությամբ «բազմազավակ ընտանիքը» 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքն է: Այս մասով առաջանում է որոշակի հակասություն:

Միևնույն ժամանակ, նախագծով իրականացվող լրացումներն ուղիղ հակասության մեջ են մտնում նաև գործող իրավակարգավորումների, մասնավո-րապես, օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի հետ,  համաձայն որի գրավով ապահովված պարտավորություններն առաջնային են և չեն կարող ստորադասվել։

Հարկ ենք համարում հայտնել, որ օրենսդիրը, հաշվի առնելով ՀայաստանիՀանրա-պետության իրավական համակարգում գործող այլ կարգավորումները, մասնա-վորապես, գրավի ինստիտուտը,  ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման ինստիտուտները, բացառություն է նախատեսել առ այն, որ, եթե միակ բնակարանը հանդիսանում է գրավի առարկա կամ դրա վաճառքը պայմանավորված է ալիմենտ վճարելու, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը, ապա այն կարող է իրացվել՝ առանց որևէ հատուցում տրամադրելու։

Նշված կարգավորման նպատակն է պարտապանին ապահովել նվազագույն մակերեսի բնակարանով, իսկ առաջարկվող կարգավորմամբ միակ բնակարանի համար նվազագույն գումարի շեմ չնախատեսելը տեսականորեն կարող է առաջ բերել բավականին թանկարժեք գույքի բռնագանձման անհնարինության՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, և, որ պարտապանի խնամքին են գտնվում երկուսից ավելի երեխաներ։

Այս կապակցությամբ գտնում ենք՝ խնամքին գտնվող երեխաների հանգամանքն անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում նկատի ունենալ և հաշվի առնել անձին միակ օթևանից զրկելու դեպքում, սակայն նախագծով առաջարկվող տարբերակը միաժամանակ հնարավորություն է տալիս շրջանցել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջները և անհարկի ընդլայնում այն դեպքերի շրջանակը, երբ միակ բնակարանի վրա բռնագանձում չի տարածվում, հետևաբար գտնում ենք, որ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու նոր հիմքի ավելացումը նպատակահարմար չէ:

Բացի դրանից, գնահատված չէ նախագծի ազդեցությունը ֆինանսավարկային շուկայի վրա այն տեսանկյունից, թե որքանով բանկերը և վարկային կազմակերպությունները կշարունակեն տրամադրել միակ բնակարանի գրավադրմամբ սպառողական կամ հիփոթեքային վարկեր:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ փոփոխությունը կհանգեցնի վարկավորման ծավալների կտրուկ անկմանը, ինչը բացասաբար կազդի Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Նմանատիպ նյութեր