211652_close_icon
views-count1899 դիտում article-date 16:08 17-03-2022

Տեսնել և ստուգել բուժհաստատություն կատարած այցերը. Արմեդ համակարգն ընդլայնում է հնարավորությունները

Բուժհաստատություններ այցելելուց, ծառայություններ ստանալուց, հետազոտվելուց  ու բուժվելուց հետո, մենք հաճախ մոռանում ենք այդ այցերի,  ստացած բուժումների մասին՝ չմտածելով, որ այդ տեղեկությունները կարող են անհրաժեշտ լինել հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում։ Մինչդեռ բժիշկների համար շատ կարևոր է իմանալ, թե պացիենտն անցյալում ինչպիսի խնդիրներ է ունեցել, ինչ բուժումներ ու հետազոտություններ է անցել,  քանի որ  այդ տեղեկությունը նրան օգնելու է՝ արագ կողմնորոշվել ու ճիշտ բուժում նշանակել։

Բուժհաստատություն կատարած այցերի, ստացած ծառայությունների ու բուժումների մասին տվյալները աշխարհի մի շարք երկրներում հավաքվում և պահպանվում են էլեկտրոնային առողջապահության (eHealth) համակարգերում։ Պացիենտին ընդունելիս՝ բժիշկը նրա թույլտվությամբ բացում է հաշիվ (account)՝ և տեսնում բժշկական պատմությունը (Electronic Health Record)։ Հատկապես  այն դեպքում, երբ պացիենտն անհապաղ օգնության կարիք ունի, այդ տվյալների արագ հասանելիությունը կարող է պարզապես կյանք փրկել։ Հայաստանում  ևս էլեկտրոնային առողջապահության համակարգի՝ ԱՐՄԵԴ-ի միջոցով աստիճանաբար քայլեր են կատարվում՝ այդ որակին հասնելու համար։

Վերջերս ԱՐՄԵԴ-ի բջջային հավելվածի՝ Armed eHealth -ի միջոցով իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շնորհիվ քաղաքացին կարող է իր էջում տեսնել, թե երբ, որ բուժհաստատությունում, կոնկրետ որ բժշկի մոտ ինչպիսի ծառայություն է ստացել:

Այս ծրագրի նպատակների և ընթացքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Armed eHealth  բջջային հավելվածի և էլեկտրոնային առողջապահության համակարգի՝ ԱՐՄԵԴ-ի սպասարկումն ապահովող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։

- Armed eHealth  բջջային հավելվածի բազմաթիվ օգտագործողներ ստացել են ծանուցում, որ հավելվածի միջոցով կարող են տեսնել բուժհաստատություն կատարած իրենց այցերը։ Ի՞նչ նպատակով է սա արվում։

-Այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր։  Armed eHealth  բջջային հավելվածում ավելացվել է  «Իմ այցերը» բաժին, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցփաթեթի շրջանակում երբ, որ բուժհաստատությունում, կոնկրետ որ բժշկի մոտ ինչպիսի ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից  որքան է վճարվել: Դեռևս ոչ ամբողջությամբ, բայց ինչ-որ չափով հասանելի են նաև պետպատվերից և սոցփաթեթից դուրս՝ քաղաքացու կողմից վճարված այցերը։ Դրանք հիմնականում մուտքագրում են այն բուժհաստատությունները, որոնք օգտվում են  ԱՐՄԵԴ  համակարգից։

Ինչ վերաբերում է նպատակին, ապա նպատակը  թե' առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացումն է՝ ծախսերի հասցեականության, տվյալների բազայի ճշգրտման առումով,  թե'  քաղաքացիների կյանքի որակի բարելավումը,  քանի որ անձին հետագայում բուժող բժիշկը կկարողանա անհրաժեշտ տեղեկություն ունենալ նախկինում  նրա ունեցած խնդիրների ու ստացած բուժծառայությունների մասին և ճիշտ բուժում նշանակել:

Առայժմ քաղաքացին  բջջային հավելվածի միջոցով կկարողանա տեսնել միայն նվազագույն տեղեկություն՝ երբ, որ բուժհաստատությունում, որ բժշկի մոտ ինչպիսի ծառայություն է ստացել:  Հետագայում արդեն աստիճանաբար կձգտենք հասնել այն մակարդակին, երբ անձի բժշկական պատմությունը կկուտակվի իր  անձնական օգտահաշվում։

-Այս ոլորտում անձնական տվյալների պաշտպանությունը, թերևս, ամենակարևորն է: Արդյո՞ք այդ տեղեկություններն անհրաժեշտ ձևով պաշտպանված են:

-Այդ տեղեկությունը հասանելի է լինելու բացառապես այցը կատարած և բուժծառայությունը ստացած անձին: Դրա համար, հավելված մուտք գործելիս անձն անցնելու է լրացուցիչ նույնականացում՝ արդեն  դեմքի ճանաչողության միջոցով: Սա լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ է: Հաջորդական հրահանգների միջոցով  անձի՝ տվյալ պահի լուսանկարը կհամեմատվի Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ, և միայն դրանից հետո կթույլատրվի նրան մուտք գործել «Իմ այցերը» բաժին:

-Հնարավո՞ր է լինեն դեպքեր, երբ քաղաքացին պարզի, որ իր անվան տակ գրանցված են այցեր, որոնք ինքը չի կատարել։

-Նման դեպքեր արդեն արձանագրվել են։ Այս ծրագրի նպատակներից մեկը բազաների ճշգրտումն է: Կարևոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն  ճշգրիտ  տեղեկություն,  քանի որ սխալ այցերի մասին տեղեկությունը կարող է  հետագա առողջական խնդիրների դեպքում  անձին բուժող բժշկի համար ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ: Ուստի,  քաղաքացին հնարավորություն է ունենալու տեղեկանալ, թե ինչ այցեր է կատարել, և ստուգել դրանց իսկությունը:  Իրականությունը չհամապատասխանող դեպքեր հայտնաբերելու պարագայում օգտվողը կարող է խնդրի մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը: Այդ ողջ  տեղեկատվությունը հավաքագրվելու  է ու հատուկ հաշվետվությամբ, անձնական տվյալների պաշտպանության բոլոր գործընթացների  խստագույնս պահպանմամբ, տրամադրվելու է պետական լիազոր մարմնին՝ առողջապահության նախարարությանը, որն  իրավասու է որոշումներ կայացնել: 

-Այսինքն, այս փուլում պետպատվերի կամ սոցփաթեթի շրջանակում  կատարած այցերն ու ստացած ծառայություններն ամբողջությամբ են հասանելի լինելու, իսկ քաղաքացու վճարած այցերը՝ ըստ բուժհաստատությունների հայեցողությա՞ն։

- Այո, այս փուլում հասանելի են լինելու  պետպատվերի կամ սոցփաթեթի շրջանակում  կատարած այցերն ու ստացած ծառայություններն ամբողջությամբ։  ԱՐՄԵԴ համակարգից օգտվող մի շարք բուժհաստատություններ հասանելի են դարձնում նաև  քաղաքացու կողմից վճարված այցերը՝ հաշվի առնելով, որ այդ  տեղեկությունը պատկանում է քաղաքացուն, որը վճարել է ծառայության դիմաց և որին պետք է այդ տեղեկությունը հասանելի դառնա՝  հետագա բուժումների համար:

«Բնակչության  բժշկական օգնության և սպասարկման մասին» 2020 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ տվյալների մուտքագրումը ԱՐՄԵԴ համակարգ  պարտադիր է դառնում բուժօգնություն և բուժսպասարկում մատուցող բոլոր հաստատությունների համար։ Ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն այդ գործընթացի իրականացման կարգերը։

 2021 թվականին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը», և այս պիլոտային ծրագիրն այդ միջոցառումներից մեկն է։ Պետք է նշել, որ այս ողջ գործընթացն իրականացվում է առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ և նախարարության առաջարկով:

Պետպատվերի և սոցփաթեթի  շրջանակում կատարված  այցերը տեսնելու հնարավորությունն առաջին քայլն է: Առհասարակ, աշխարհի մի շարք երկրներում արդյունավետորեն գործող էլեկտրոնային  առողջապահության համակարգերի նպատակն է յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծել ճշգրիտ, ճիշտ կառուցվածք ունեցող, ճիշտ արտացոլված  առողջապահական էլեկտրոնային  պատմություն, որը հնարավորություն կտա օգնել տվյալ պահին բուժող բժշկին՝ անձի առողջության և բուժման վերաբերյալ կայացնելու ճշգրիտ որոշում, նշանակելու ճիշտ բուժում՝ հիմնվելով նախկինում անձի հիվանդությունների և հետազոտությունների մասին էլեկտրոնային համակարգում պահպանվող տեղեկատվության վրա:  Մենք ևս նույն նպատակն ենք հետապնդում։ Աստիճանաբար համակարգ կմուտքագրվի բոլոր այցերի մասին տեղեկությունը, և քաղաքացին կունենա ամբողջական պատմություն:

-Արդյո՞ք  բուժհաստատությունների համար լրացուցիչ դժվարություն չէ տվյալները ԱՐՄԵԴ մուտքագրելը, քանի որ շատ բուժհաստատություններ ունեն իրենց առանձին համակարգերը:

-Սեփական էլեկտրոնային համակարգերի առկայությունը որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ այդ համակարգերը հիմնականում ինտեգրված են ԱՐՄԵԴ-ի հետ, և ինֆորմացիան ավտոմատ հայտնվում է  ԱՐՄԵԴ-ում: Մի շարք բուժհաստատություններում ինտեգրացիոն գործընթացները ներկայում ևս շարունակվում են:

-Նշեցիք, որ ծրագիրն իրականացվում է պիլոտային եղանակով և դեռևս բոլոր օգտագործողներին հասանելի չէ։ Ե՞րբ այն հասանելի կլինի բոլորին։

-Պիլոտային փուլի ընթացքում  այն փորձարկվում է, ի հայտ են գալիս նաև խնդիրներ, որոնց փորձում ենք արագ և  համակարգված լուծումներ տալ, ստանում ենք օգտագործողների  առաջարկները, որոնք նույնպես կարևոր են մեզ համար։ Արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են, և կարծում եմ շուտով այս հնարավորությունը հասանելի կլինի հավելվածի բոլոր օգտագործողների համար։

Նմանատիպ նյութեր