211652_close_icon
views-count68300 դիտում article-date 18:24 16-03-2022

Կաշառք վերցնել, 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դրամով տուգանել, ծանոթ վարորդին չտուգանել․ պարեկների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4‑րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 ՀՀ դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 ՀՀ դրամով: Այս մասին հաղորդում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:

Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն  պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ: Իր հերթին հիշյալ քաղաքացին ճանապարհային երթևեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու և հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք:

Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գ. Մ.-ն հետագայում շարունակել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելը, սակայն հայտնաբերված իրավախախտումները չեն արձանագրվել ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստացած պարեկ Ա. Ա.-ի անձնական միջնորդությամբ:

14.03.2022թ.-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ի դեպ, վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին 15.03.2022թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

16.03.2022թ.-ին Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2‑րդ մասով /2 դրվագ/ և 38‑314‑րդ հոդվածի 1‑ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

 Կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 314-րդ և 312-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Նմանատիպ նյութեր