211652_close_icon
views-count1029 դիտում article-date 10:27 16-03-2022

Գաղափարների դեֆիցիտ․ ի՞նչ է պետք անել հիմա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռուսաստանում  մոլեգնում է գրաքննությունը եւ բռնաճնշումները «պաշտոնական գծից» շեղվողների նկատմամբ: Այդ ամենն ինձ հիշեցնում է Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը: Ի դեպ, նրանք, ովքեր այժմ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնում են որպես մեծ ժողովրդավարի, հավանաբար, լավ չեն հիշում, որ 2008-ի մարտի 2-ին եւ 3-ին ոստիկանության բաժիններ էին տանում Օպերայի շրջակայքում զբոսնող մարդկանց:

Մշտապես նման իրավիճակը չի կարող պահպանվել. ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը ռեսուրս չունեն երկարատեւ ճնշված պահելու հասարակությունը՝ չկա այդքան ոստիկան, չկա այդքան քաղմաս, երիտասարդության մեջ էլ չկա այն վախը, որը ստիպում է «Սովետ տեսած» սերնդին ձեռնպահ մնալ «հակա» խոսակցություններից: Սոցիալական հարթակներն էլ, իրենց բոլոր թերություններով հանդերձ, որոշ չափով պաշտպանում են մեզ կարծր ավտորիտարիզմի անդունդը գլորվելուց: Իհարկե, Պուտինի կամ Քոչարյանի նման մարդիկ կարող են այդպիսի խելահեղ փորձեր անել: Բայց կոնկրետ Հայաստանում Քոչարյանի վերադարձի հավանականությունը, կարծում եմ, զրոյական է, եւ, ի դեպ,  պաշտոնական քարոզչության կողմից «Քոչարյանի վախի» շահագործումը նույնպես չի կարող անվերջ շարունակվել:

Պետությունն, այդպիսով, լուրջ հնարավորություն չունի սահմանափակելու գաղափարների ազատ շրջանառությունը: Խնդիրն, իմ կարծիքով, այլ տեղ է՝ գաղափարներն են քիչ: Վերջերս հանդիպեցի այսպիսի մի համեմատության. գաղափարները ծնվում են մի միջավայրում, որը նման է ցանցի: Եթե կա միայն մի երկաթուղային գիծ՝ Մոսկվա-Պետերբուրգ, ապա ոչ մի գաղափար չի ծնվի, երկիրը պետք է ծածկվի երկաթուղիների ցանցով: Ո՞րն է այս պարագայում «ցանցը». դա համալսարանական եւ ակադեմիական միջավայրն է, որը չի կարող փոխարինվել հայհոյախոս ստատուսագիրների եւ հիպերակտիվ հրապարակախոսների լեզվակռվով: Այստեղ՝ լեզվակռվի ոլորտում, ամեն ինչ պարզ է՝ ով կարծում է, որ «Վիլսոնյան Հայաստանը» կամ «Քուռ-արաքսյան հանրապետությունն» իրագործելի նախագծեր չեն, նրանք «թուրքի լամուկ են» կամ, լավագույն դեպքում, «Լեւոնի հոգեզավակ»: Կամ՝ հակառակը: Թե ով՝ ում ինչ պիտակ է կպցնում, տվյալ դեպքում կարեւոր չէ:

Մինչդեռ ես ուզում եմ լսել հենց ակադեմիական եւ համալսարանական շրջանակներից՝ պե՞տք է արդյոք գնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կարգավորման՝ նրանց առաջարկած պայմաններով, թե՞ ոչ: Եթե հնարավոր է չգնալ, ի՞նչ հետեւանքների է դա բերելու: Որ այս կառավարությունն ապաշնորհ է, որ Փաշինյանի քաղաքականությունը բերել է աղետի, ես առանց ակադեմիկոսների էլ գիտեմ: Աղետն արդեն տեղի է ունեցել: Ի՞նչ է պետք անել հիմա:

Իհարկե, պատասխանը պետք է հասունանա բանավեճի մեջ: Բանավեճի, ոչ թե լեզվակռվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր