211652_close_icon
views-count1365 դիտում article-date 19:24 14-03-2022

Հայաստանի 9 պատվիրակ Մոնտենեգրոյի միջազգային ավանդական մրցաշարում մեդալ նվաճեց

<< Ադրեատիկի ադամանդ >>  անվանումն է կրում Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված  միջազգային ավանդական մրցաշարը: 19 երկրների 128 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի պատվիրակները:

Մրցաշարի ընթացքում բռնքամարտի եվորպական ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը անդրադարձել էր Հայաստանի ներկայացուցիչների տեխնիկատակտիկական լավ պատրաստականությանը:

ՀՀ վաստակավոր մարզիչ, երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և նրա վանաձորցի օգնական Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ մեր տղաները տունդարձի ճամփա կընկնեն այսօր երեկոյան:

Հեռակապով զրուցեցինք ավագ մարզչի հետ: Գոհ էր իր սաների ընդհանուր մարզավիճակից, մարտունակության հատկանիշներից և, իհարկե,  մարզաձևի հայկական դպրոցին բնորոշ տեխնիկական հնարքների հարուստ զինանոցից:

Վազգեն Բադալյանը շեշտեց մասնավորապես այն հանգամանքը, որ մասնակիցների թվում էին նաև չափազանց հարուստ ավանդույթներ ունեցող Կուբայի և Ղազախստանի մարզիկները, մանավանդ որ , վերջինը երկու թիմով էր ներկկայացել մրցավայր: Նրանց հետ մենամարտելը, մրցափորձի հարստացման առումով,  մեծ օգուտ էր մեր պատվիրակների համար: Մասնագետը նաև ասաց, որ նշած երկրների թիմերը աշխարհամասերի առումով չեն մասնակցի Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Իսկ այդ ստուգատեսը կմեկնարկի ապրիլի 10 –ին ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մինչ այդ, մեր երիտասարդականը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում և Երևանի Օիմպավանում:

Հայաստանի ինը պատվիրակ դարձավ մրցանակակիր: Հաղթող ճանաչվեցին 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երկրորդ տեղը գրավեցին 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը: Երրորդ տեղով բավարարվեցին 48 կգ քաշային  Թովմաս Թովմասյանը, 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը:  

Նմանատիպ նյութեր