211652_close_icon
views-count6203 դիտում article-date 10:00 13-03-2022

Արցախի ԱԱԾ-ն անհապաղ ուսումնասիրում է պաշտոնյաների կողմից ընտանիքները ՀՀ տեղափոխելու հայտարարությունները

Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։

«Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք, անկասկած, արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման, հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը, մեղմ ասած, անընդունելի ու անցանկալի է»,- հավելել են Արցախի ազգային անվտանգության ծառայությունից:

Հիշեցնենք,  որ արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտում է հրադադարը Արցախի տարբեր ուղղություններով՝ ականանետերով արձակելով ականներ: Սադրիչ գործողությունները հիմնականում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ են:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր