211652_close_icon
views-count1339 դիտում article-date 22:02 07-03-2022

Ռեկորդների նոր գիրք՝ Յուրի Սաքունցի նախաձեռնությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

cmsa.am-ը գրում է. Մարտի 7-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում կայացավ սպորտային միջոցառում, որի ընթացքում հինգ մարզիկ՝ Տիգրան Մովսիսյանը, Սերգեյ Գեւորգյանը, Ռուբեն Սաֆարյանը, Հայկ Աղաքանյանը եւ Վարդան Պետրոսյանը, սահմանեցին համաշխարհային ռեկորդներ։ Արդյունքները գրանցվեցին «Սաքունց» համաշխարհային ռեկորդների գրքում, որի հեղինակն ու միջոցառման կազմակերպիչը Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ, այժմ՝ ակադեմիայի եւ «Եվրասիա» միջազգային համալսարանի դասախոս, մաս-ռեստլինգի եւ ուժային եռամարտի բազմակի մեդալակիր Յուրի Սաքունցն է։

Հասարակական կազմակերպությունը մեկ ամիս առաջ հիմնել են երկու ընկերներով։ Նպատակը՝ խթանել մարզիկներին ռեկորդներ սահմանել եւ հասնել միջազգային ճանաչման։

Գիրքն արդեն ընդունվել է 12 երկրում, տասնյակ մասնակիցներ են հայտագրվել ոչ միայն Հայաստանից, այլեւ Սլովակիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից։ Ռեկորդների ուղղվածությունը հիմնականում սպորտն է, սակայն կարող են լինել նաեւ յուրօրինակ մտահղացումներ։

«Օրինակ՝ այսօրվա ռեկորդներից մեկը՝ շվեյցարական ռեզինե գնդակի վրա երկու ոտքով կանգնելը, աննախադեպ էր, առավել եւս դժվար էր հավասարակշռություն պահելը։ Ռեկորդ սահմանելու համար որեւէ սահմանափակում չենք դրել։ Որոշ մարզիկների հետ ինքս եմ պարապել եւ ուղղորդել։ Հույս ունենք՝ մի օր «Սաքունց» ռեկորդների գիրքը Գինեսի նման ճանաչելի կդառնա, եւ Հայաստանի անունը շեշտելու շատ առիթներ կլինեն»,- հավելեց Յուրին։

Վարժությունների բարդությամբ աչքի ընկավ հատկապես 18-ամյա Վարդան Պետրոսյանը։ Ձեռքերին հենված՝ նա կարողացավ մարմինը հորիզոնական դիրքում պահել 49.16 վայրկյան։ Հարցին, թե ինչպես սպորտն իր կյանք մտավ, տեղաշարժման դժվարության պատճառով տնային ուսուցում ստացած Վարդանը պատասխանում է․ «Ընկճվածությունից։ Սպորտն ինձ տվեց ամեն ինչ՝ հայտնիություն, ինքնավստահություն, սեր։ Պարապում էի տանը, երբ մենակ էի լինում։ Ռեկորդ սահմանելու միտքը դեռ 9 տարեկանից կար։ Սա իմ առաջին հաստատված արդյունքն է, սակայն ոչ պաշտոնապես կարողացել եմ 50 վայրկյան հավասարակշռությունս պահել։ Նույն վարժությունն արել եմ նաեւ բութ մատներով, սակայն չեմ գրանցել»։

Ժամանակի հետ սովորել է երազանքի փոխարեն միայն նպատակ դնել։ Հաշմանդամություն ունեցողներին, որոնք դեռ սպորտի ուժը չեն բացահայտել, հորդորում է հաշտվել իրողության հետ ու դրանով գնալ հաղթանակին ընդառաջ։
 

Նյութը՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆի
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր