211652_close_icon
views-count1294 դիտում article-date 15:03 07-03-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր՝ մարտի 7-ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է հայ և գերմանացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստեղծել են վստահելի գործընկերություն՝ հիմնված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և շահերի վրա:

Փոխվարչապետը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն է հայտնել Գրասենյակին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում համագործակցության հեռանկարային ուղղություններից է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ու այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայում «ԹՈՒՄՈ» կենտրոնի պաշտոնական բացումը։  Որպես փոխգործակցության այլ ոլորտներ՝ կողմերն ընդգծել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև մշակութային տուրիզմի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում արձանագրած տնտեսական աճը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում գործարկված քաղաքացիների սպասարկման գրասենյակների գրանցած արդյունքները և տարբեր ուղղություններով Հայաստանի հետ կայուն ու ինտենսիվ համագործակցության  հույս է հայտնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Նմանատիպ նյութեր