211652_close_icon
views-count5631 դիտում article-date 23:34 05-03-2022

Իրանական ընկերությունները կմասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցմանը

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Իրանի դեսպանատնից:

«Մենք նոր պայմանագրեր ենք ստորագրել հայ պաշտոնյաների հետ դեղագործական արտադրանքի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ։ Համատեղ արտադրանքը կարտադրվի Հայաստանում և կարտահանվի այլ երկրներ»,- ասել է Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Նա հայտարարել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի ընդլայնել երկկողմ առևտրային կապերը՝  ներդրումների միջոցով:

«Այս այցը միտված է համատեղ ձեռնարկությունների միջոցով Իրանի և Հայաստանի միջև կապերի խորացմանը»,- Երևան այցին ընդառաջ հայտարարել էր նախարարը:

Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումների ընթացքում մենք նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայաստանում իրանական ընկերությունների կողմից ճանապարհների կառուցումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պայմանավորվել են, որ իրանական ընկերությունները մասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցման մրցույթներին:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հիշեցնում է, որ Իրանն արդեն պատրաստակամություն հայտնել է համագործակցել Հայաստանի հետ Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման հարցում:

Դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանի հետ կապող 64 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Իրանի՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք գործարկելու նախագծի մի մասն է՝ հիշեցնելով, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը 7200 կիլոմետր երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է, Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար:

Նմանատիպ նյութեր