211652_close_icon
views-count8098 դիտում article-date 10:37 05-03-2022

Բնակչության ակտիվ մեծամասնությանը դա դուր է գալիս․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Զազրախոսներ կան հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ճամբարներում: Իմ կարծիքով՝ ամենաճիշտը զազրախոսներին անտեսելն է, նրանցից որեւէ պարագայում չվիրավորվելը:

Ի՞նչ կա վիրավորվելու, եթե նրանց ժամանակին ծնողները չեն բացատրել, թե ինչպես է պետք պահել հասարակական վայրերում: Նույնը, բնականաբար, վերաբերում է Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վատ դաստիարակության դրսեւորումներն, իհարկե, ցավալի են, բայց այս պարագայում դա ոչ թե անձնական, այն հասարակական խնդիր է:

Ինչո՞ւ Հայաստանի ղեկավարը կարող է իրեն պահել այսպես: Շատ պարզ. որովհետեւ դա Հայաստանի բնակչության ակտիվ մեծամասնությանը դուր է գալիս: Փաշինյանի 680 հազարանոց ընտրազանգվածի ներկայացուցիչները՝ տեսնելով, թե ինչպես է նա մատ (կամ գուցե ուրիշ բան) թափ տալիս, իրար ժպտում են, թերեւս, նաեւ՝ ողջագուրվում են եւ բավարարված բացականչում՝ «տեսա՞ր, ոնց շշեց էդ թալանչիներին»:

Ինչպես հայտնի է, վարչապետը մամուլի քարտուղար չունի, սակայն այդ պարտականությունը հաջողությամբ կատարում են նրա մի քանի տասնյակ ստորադասները՝ ՔՊ պատգամավորները: Նրանց փաստարկը հետեւյալն է. «Բա որ ընդդիմադիրները շիշ էին շպրտում, լա՞վ էր»: Դա նման է ռուսաստանյան պաշտոնական քարոզչություն թեզին՝ «բա որ ամերիկացիները ռմբակոծում էին Բելգրադը կամ Իրաքը, լա՞վ էր»: Մեկ անձի, կամ մեկ պետության վատ արարքներն ամենեւին չեն արդարացնում մեկ այլ անձի կամ պետության նմանատիպ արարքները:

Մի խոսքով, «բա որ»-ը լուրջ փաստարկ չէ: Ես վարչապետի «մամուլի քարտուղարներին» (նրա բոլոր քայլերն արդարացնողներին) առաջարկում եմ ավելի ուժեղ փաստարկ. նրան ընտրել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Հետեւաբար, նրանք Փաշինյանից հենց այդպիսի վարքագիծ են ակնկալում:

Ես միշտ այն համոզմանն էի, որ սոցիումն է ձեւավորում քաղաքական լիդերներին եւ ոչ թե հակառակը: Դա ճիշտ է հատկապես այն դեպքերում, երբ ընտրությունների արդյունքները ոչ ոք լրջորեն կասկածի տակ չի դնում: Այդպիսի ընտրություններ էին, մասնավորապես, համարվում 1991, 2018, 2021 թվականի քվեարկությունները: Իսկ հիմա փորձենք բացատրել, թե ինչու է քաղաքացիների մեծամասնությունը 1991-ին ընտրել գիտությունների դոկտորին, իսկ 2021-ին՝ մատ կամ այլ բան թափ տվողին: Ես այստեղ եմ տեսնում մեր ամենամեծ խնդիրներից մեկը:

․․․Տաքսիստներն իրենց մեքենաներում հաճախ բարձրաձայն միացնում են ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներից մեկի մենախոսությունները եւ ամեն մի «մատ թափ տալուց» գոհունակությամբ քմծիծաղ են տալիս: Երբ ես խնդրում եմ այդ ձայնագրությունն անջատել, նրանք արդարանում են. «Հա, հասկանում եմ, որ դա ձեզ դուր չի գալիս, բայց մարդը ճիշտ բաներ է ասում»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր