211652_close_icon
views-count1649 դիտում article-date 10:15 04-03-2022

Ովքեր են ՀՀ հինգ նախագահները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի վերջո, երկրորդ փորձից ՔՊ-ն կարողացավ միայնակ ընտրել երկրի նախագահ, առանց ընդդիմության, եւ թերեւս միայնակ էլ կանցկացնի նրա երդման արարողությունը:

Այսպիսով, Վահագն Խաչատուրյանը երրորդ հանրապետության հինգերորդ նախագահն է: Նախորդ չորս նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանն են, որ ամբողջական ժամկետով չեն պաշտոնավարել: Իհարկե, Տեր-Պետրոսյանի պարագայում դա տեղի ունեցավ երկրորդ անգամ ընտրվելուց հետո: Առաջին անգամ նա պաշտոնավարել է 1991-1996 թվականներին, ապա վերընտրվելով՝ պաշտոնավարել է միայն երկու տարի՝ հրաժարական տալով 1998 թվականին: Ռոբերտ Քոչարյանը եւս երկու շրջան է պաշտոնավարել՝ 1998-2003 եւ 2003-ից 2008 թվական: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ չնայած պաշտոնավարեց տասը տարի, սակայն արդեն վարչապետի պաշտոնում նա պաշտոնավարեց ընդամենը մեկ շաբաթ:

Պաշտոնավարման հինգ տարին լրանալու ժամկետից ընդամենը մեկ տարի առաջ էլ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, որը նախագահ էր ընտրվել դեռ 2018 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք՝ մինչեւ հեղափոխությունը: Եվ, ահա, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը մեկ ամիս եղավ նախագահի պաշտոնակատար, ՀՀ հինգերորդ նախագահը Վահագն Խաչատուրյանն է:

Իհարկե, գաղտնիք չէ, որ նա լինելու է կողմնակալ նախագահ, այսպես ասած՝ ՔՊ-ականների սրտով, սակայն թերեւս նա եւս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով եւ նախագահի պաշտոնում կաշխատի ժամանակավոր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր