211652_close_icon
views-count2462 դիտում article-date 14:35 03-03-2022

Գինը նորմալ պահելու համար, պետք է ավելի շատ ձու սպառել

Պատմությունը կրկնվում է, հիմա էլ ձվի շուկայում անտրամաբանական գնանկում ունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա մեզ անհանգստացնում է, որովհետեւ Սուրբ Զատկի շրջանում տիեզերական չափերի են հասնում ձվի գները: Ես գիտեմ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոնիտորինգի տակ է պահում իրավիճակը: Պարոն Գեւորգյան, տեսա, որ մրակցության չարաշահման դեպքեր չեք արձանագրել: Ինչպե՞ս եք կառավարելու վիչճակը, որ Զատկի տոներին եւ ընդհանրապես, այդ պրոբլեմը չունենանք, որ նախկինում ունեցել ենք»,-ասաց նա:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը նշեց, որ այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետեւ գնիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարողի կողմից, որի մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը ու շղթայական ռեակցիա էր տվել. «Այսինքն նա գործել է մի սուպերմարկետում, այտեղ գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղեր սկսել է գինն իջնել: Իրականում չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարողը գնի փոփոխություն անել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Զատկի տոնին, Գեւորգյանը նշեց, որ ունեն լավ իրավիճակ, որ ձվի պաշարները, ինքնաբավությունը բարձր է եւ առկա է պրոֆիցիտ. «Հիմա քննարկում ենք այդ պրոֆիցիտը դեպի դրական տեղ ուղղելուն՝ վերամշկում, արտահանում»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Գնաճի պայմաններում սննդամթերքի գներն աճում են եւ ձվի գներն անկում են ապրում, արդյոք շուկայում դիվերսիֆիկացիա տեղի չի ունենամում, մարդիկ ավելի շատ սկսում են ձու սպառել, որովհետեւ ավելի էժան է: Այս դեպքում սպառման ավելացում մենք չունե՞նք: Մտահոգությունն այն է, որ ձվի գնանկման պայմաններում արտադրությունները կսկսեն նվազել՝ շահութաբեր չլինելու բերումով, հետո ձվի շուկայում էլի գնի թռիչք կուենանք: Նենց որ, որպեսզի գինը պահենք նորմալ մակարդակի վրա, սկսենք ավելի շատ ձու սպառել»:

Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ գուցե ձվի սպառման ավելացում կլինի, բայց ոչ շատ, իսկ այ եթե միսը թանկանում է, հավի մսի սպառումը էականորեն կարող է աճել:

Խոսակցությանը խառնվեց նաեւ փոխվարչպետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ եթե ձվի սպառումը չկարգավորեն, հավի մսի սպառումը կավելանա. «Հետո հավ չենք ունենա, որ ձու ածեն»:

«Հավի ու ձվի պատմությունը դարձավ»,- կատակով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր