211652_close_icon
views-count1266 դիտում article-date 10:29 03-03-2022

Համատարած պառակտման հետևանքները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամենավատ բանը, որը կարելի է անել մարդկանց հանդեպ, նրանց թշնամացնելն է: Դա վերաբերում է հասարակությունները պառակտելուն, ինչպես նաեւ ազգերի եւ պետությունների միջեւ բաժանարար գծեր սահմանելուն: Հայաստանի ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է՝ որպեսզի մեր հասարակությունում «սեւ-սպիտակ», «ներկա-նախկին» պառակտում առաջանա՝ դա ե՛ւ իշխանության գալու, ե՛ւ իշխանությունը պահելու գործիք է: Քանի որ ոչ մի դրական օրակարգով, ոչ մի ձեռքբերումներով հնարավոր չէ պարծենալ, պետք է անվերջ խոսել «նախկինների» մասին՝ չձեռնարկելով, ի դեպ, որեւէ քայլ նախկին արատները վերացնելու համար:

Հիմա էլ այդ նույն իշխանությունը առաջ է քաշում նախագահի թեկնածուի, որն ի սկզբանե «սպիտակ է» (այսինքն՝ Փաշինյանի թիմից է) եւ որպես այդպիսին պետք է խորհրդարանական ընդդիմությանը համարի «սեւ» (այսինքն՝ «թալանչիների» ներկայացուցիչներ): Հնարավո՞ր է արդյոք այս պարագայում, որ նախագահը ներկայացնի Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ «թալանչիների ներկայացուցիչներին» ընտրած տասնյակ հազարավոր մարդկանց: Սխալն, այդպիսով, գալիս է ոչ թե նախագահի թեկնածուի անձից, ոչ թե այդ թեկնածուին առաջ քաշելուց, այլ՝ 2018-ին ընդգծված, խորացած պառակտումից:

Խորհրդարանական ընդդիմությունն էլ իր հերթին որեւէ դրական օրակարգ չունի, եւ պնդում է «ներկա իշխանությունների անհապաղ հեռացումը»՝ չնայած դա փորձել է անել թե՛ «փողոցի» եւ թե՛ ընտրությունների միջոցով ու հաջողության չի հասել:

Նույնը կատարվում է միջազգային ասպարեզում: Երկու՝ իրենց մշակույթով եւ կրոնով շատ մոտ ժողովուրդներ թշնամացել են՝ Ռուսաստանի կայսրապաշտական հավակնությունների պատճառով, եւ Պուտինը, ագրեսիվ պատերազմ սկսելով Ուկրաինայի դեմ, այնպիսի մի վիհ է բացել այդ ազգերի միջեւ, որը մոտակա տասնամյակներում, ինչ էլ պատահի, հնարավոր չի լինի փակել: Ռուսաստանում էլ է պառակտում. օրինակ, արգելափակվել են այն լրատվամիջոցները, որոնք օգտագործում են «պատերազմ» բառը եւ պաշտոնականից տարբերվող տեսակետներ են արտահայտում: Դա նշանակում է, որ այդ երկրի իշխանությունն իր բնակչությունը բաժանում է «հայրենասերիների» եւ «ոչ հայրենասերների»:

Պատերազմը պառակտում է նաեւ տարբեր ազգերի մարդկանց, երբ, օրինակ, ուկրաինացիները պահանջում են բոլորից՝ դատապարտել Ռուսաստանի ագրեսիան կամ միանալ պատժամիջոցներին. Զելենսկին, օրինակ, այդ առիթով «նեղացել է» վրացիներից: Հայերի մեծամասնությունը, երբ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, ոչ մեկից որեւէ բան չէր պահանջում. երկրներն ու մարդիկ արձագանքում էին, ով ինչպես հարմար էր գտնում:

Սխալ եմ համարում նաեւ սպորտն ու մշակույթը քաղաքականության հետ խառնելը: Դրանք մարդկանց միավորելու, ոչ թե պառակտելու միջոց են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր