211652_close_icon
views-count11324 դիտում article-date 09:13 01-03-2022

Սպիտակ տունը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի դեմ համակարգված ջանքերի հարցը․ «Ամերիկայի ձայն»

Երեկ, փետրվարի 28-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար հանդիպում է անցկացրել Միացյալ նահանգների դաշնակիցների ու գործընկերների հետ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու և դաշնակիցների քայլերը համակարգելու հարցերի վերաբերյալ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հեռավար քննարկման մասին Սպիտակ տունը տարածել է հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հյուրընկալել է հեռավար քննարկում դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված և չհրահրված պատերազմին մեր միասնական արձագանքի վերաբերյալ: Առաջնորդները ընդգծեցին ուկրաինացի ժողովրդի խիզախությունը ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում և քննարկեցին Ուկրաինային շարունակական աջակցություն ցուցաբերելու հարցը, ներառյալ անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնությունը: Նրանք նաև քննարկեցին իրենց համակարգված ջանքերը՝ միտված Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու նպատակով վերջինիս ծանր գին և հետևանքներ պարտադրելուն՝ միաժամանակ աշխատանք տանելով համաշխարհային տնտեսական կայունությունը պահպանելու ուղղությամբ, այդ թվում՝ էներգակիրների գները:

Նախագահ Բայդենին միացել են Կանադայի վարչապետ Թրյուդոն, Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյնը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Շոլցը, Իտալիայի վարչապետ Դրագին, Ճապոնիայի վարչապետ Քիշիդան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, Լեհաստանի նախագահ Դուդան, Ռումինիայի նախագահ Յոհանիսը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր