211652_close_icon
views-count18878 դիտում article-date 20:18 28-02-2022

Ես կրկնել եմ միջազգային հանրության խնդրանքը՝ դադարեցնել հարձակումն Ուկրաինայի դեմ, ընդգծել եմ անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը. Մակրոնը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Tert.am-ը գրում է. Նախագահ Զելենսկու հետ մեր շփումները մշտական են։ Ուզում եմ ողջունել նրա պատասխանատվության զգացումը։ Վերջինիս խնդրանքով և հումանիտար իրավիճակից ելնելով զանգահարել եմ նախագահ Պուտինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Նախագահ Պուտինի հետ զրույցում ես կրկնել եմ միջազգային հանրության խնդրանքը՝ դադարեցնել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ, և ընդգծել եմ անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը»,- գրել է նա։

Մակրոնը նշել է, որ պահանջել է  հրադադարը և խաղաղ բնակչության և բնակելի տարածքների վրա հարձակումների դադարեցում, քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանում, ճանապարհների անվտանգություն։

«Ես պահանջել եմ հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և խաղաղ բնակչության պաշտպանությունը, ինչպես, օրինակ, օգնության բաշխումը։ Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձև է ներկայացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- գրել է նա և հավելել, որ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար ՌԴ նախագահ Պուտինին առաջարկել է մնալ կապի մեջ առաջիկա օրերին. «Մենք կվերսկսենք քննարկումները»:

Նմանատիպ նյութեր