211652_close_icon
views-count15864 դիտում article-date 11:59 28-02-2022

ՃԿՊԱ շրջանավարտ, հրշեջ-փրկարար Կարինե Պապյանը 4 դիպլոմով չի սահմանափակվելու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ Կարինե Պապյանն աշխատում է ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատում: Ջոկատի սպասարկման գոտին բավականին մեծ է՝ Նոր նորք վարչական շրջան, գյուղ Ջրվեժ, օգնության կարիք լինելու դեպքում՝ Ձորաղբյուր գյուղ, Աբովյան քաղաք:

Երեւանի Դավիթ Բեկի փողոցում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Կարինեին նկատել են դեպքի վայրում աշխատող լրագրողներն ու անդրադառնալով կին հրշեջ իրողությանը եթերում նկատել. եթե փրկարար դառնալը կնոջ երազանքն է եղել՝ լավ է, եթե այլ աշխատանք չգտնելու հետեւանքով է այս ծանր ու ռիսկային գործն անում՝ վատ է:

Մեզ հետ զրույցում Կարինեն ասաց, որ փրկարար դառնալը երազանք է եղել ու հենց այդ նպատակով էլ ընդունվել է ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»: Երազանքն իրականացել է, բայց Կարինեն սրանով չի սահմանափակվել ու չի դադարել երազել ու կյանքի կոչել երազանքները: Ավարտելով ՃԿՊԱ «Փրկարարական գործ» մասնագիտության բակալավրիատը, ընդունվել է երկու ուսումնական հաստատություն՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի» մագիստրատուրա՝ դարձյալ «Փրկարարական գործ» մասնագիտությամբ եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրա՝ «Կլինկակական հոգեբանություն եւ հոգեթերապիա» մասնագիտությամբ՝ հեռակա համակարգում: 2021-ին երկուսն էլ ավարտել է գերազանցությամբ՝ կարմիր դիպլոմով: Այս տարի Կարինեն ավարտելու է ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մագիստրոսի կրթական ծրագրի «Կառավարում» (Ճգնաժամային կառավարում) մասնագիտությունը:

Կարինեի գործընկերները կարծում են, որ հոգեբանության հմտություններին տիրապետելը կարող է օգնել փրկարարին արագ արձագանքման դեպքերում՝ կանչեր սպասարկելիս: Հարկ եղած դեպքում հրշեջ-փրկարարը կարող է հոգեբանական աջակցություն ցույց տալ, մինչ կժամանեն հոգեբան-փրկարարները:

Իսկ Կարինեն հաստատ է որոշել 4 դիպլոմով չի սահմանափակվելու: Մտադիր է ավարտել գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան՝ «Կլինկակական հոգեբանություն եւ հոգեթերապիա» մասնագիտությամբ: Իսկ մինչ այդ, կշարունակի աշխատել իր հարազատ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատում:

Հետաքրքիր է ինչքա՞ն կաճի կրակի հետ կռիվ տվող աղջիկ տեսնողների զարմանքը, եթե իմանան, որ այդ աղջիկը չորս դիպլոմ ունի, որից երեքը՝ մագիստրոսի:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ Կարինեն աշխատանքային պարտականությունները կատարելիս ուշադրության է արժանանում: Նախկին դեպքերից մեկի մասին կարդացեք այստեղ:

Նմանատիպ նյութեր