211652_close_icon
views-count46858 դիտում article-date 10:42 26-02-2022

Սպասվում են «ցավոտ զիջումներ»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իրավիճակը Ուկրաինայի շուրջ այնքան արագ է փոխվում, որ դժվար է որեւէ բան ոչ միայն կանխատեսել, այլեւ՝ վերջնականապես արձանագրել:

Իմ տպավորությամբ` Պուտինի ծրագրերի մեջ է մտնում գրավել Կիեւը եւ այնտեղ հաստատել ռուսամետ իշխանություն: ՌԴ նախագահի ակնարկներն այն մասին, որ Ուկրաինայում զինվորականները իշխանությունը պետք է խլեն «թմրամոլների ավազակախմբից» (այդպիսի «հարգալից» վերաբերմունք ունի մի պետության ղեկավարը մեկ այլ պետության ղեկավարության հանդեպ), խոսում է հօգուտ այդ վարկածի:

Կրեմլը, հավանաբար, նաեւ ակնկալում է, որ պարտված Ուկրաինան կճանաչի Ղրիմը, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը՝ որպես Ռուսաստանի անբաժանելի մաս, ինչպես նաեւ կհայտարարի երկրի չեզոք կարգավիճակի մասին: Վերջին հարցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարծես թե, «հասունացել» է: Կարծում եմ, հասկանալի է. որքան ուշ Զելենսկին գնա «ցավոտ զիջումների», այնքան դրանք ավելի «ցավոտ» կլինեն:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմում Ռուսաստանի նպատակն էր Արցախում իր զինվորական ներկայությունն ապահովելը, որը լուրջ լծակ է Ադրբեջանի դեպքում եւ վերջնականապես կապում է Հայաստանի ձեռքերը: Փաշինյանը սկզբից դիմադրում էր այդ ծրագրին, բայց հետո, երբ գործերը ռազմաճակատում կտրուկ վատթարացան, համաձայնեց: Դիլետանտիզմի եւ սխալ հաշվարկների առումով Հայաստանի եւ Ուկրաինայի ներկայիս ղեկավարներն իսկապես իրար նման են: 

Հայաստանում շատերն են այսօր խոսում այն մասին, որ ուկրաինական բանակը չի դիմադրում Ռուսաստանի ներխուժմանը: Չեմ կարծում, որ մենք, այստեղ նստած եւ ռազմական փորձագետների չլինելով, կարող ենք կտրուկ դատողություններ անել այս առիթով: Միանշանակ է, որ ռուսաստանյան քարոզչությունն ուզում է հենց այդպիսի տպավորություն ստեղծել՝ իբր սա ներխուժում չէ, այլ ազատագրում, եւ Ուկրաինայի բնակչությունն ամենեւին դեմ չէ, որ իրենց հողում օտարերկրյա զինծառայողներ լինեն: Կրկին վկայակոչեմ Պուտինին, որն ասում է, թե ուկրաինական կողմից կռվում է ոչ թե կանոնավոր բանակը, այլեւ «նեոնացիստներն» ու «բենդերականները» (ինձ թվում է, այս երկուսը զուտ քարոզչական պիտակներ են, որոնք իրական բովանդակություն չունեն): Առայժմ ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներով չեն հեռարձակվում կադրեր, որոնք պատկերում են ռուսական տանկերը ծաղիկներով դիմավորող ուկրաինացիներին, բայց ամեն ինչ դեռ առջեւում է:

Եվ վերջում՝ չարախնդալու մասին: Գուցե «բարձր քաղաքականության» տեսանկյունից ճիշտ է ասել՝ «բա որ մենք նեղության մեջ էինք, ինչո՞ւ էիք դուք սատարում մեր հակառակորդին»: Բայց զուտ մարդկային առումով նման տրամաբանությունը, կարծում եմ, խոցելի է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր