211652_close_icon
views-count51038 դիտում article-date 20:15 23-02-2022

Ձեզ բացակա չենք դնի. Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի լեգենդ դարձած հերոսների հուշահամալիրում միշտ ծաղիկներ են խոնարհվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքապետարանի հարևանությամբ գտնվող գյուղի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ամեն օր ծաղիկներ են խոնարհվում:

Հուշահամալիր են այցելում ոչ միայն գյուղաբնակները, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից  ու Երևանից եկած  քաղաքացիներ:

Հուշահամալիրը այցելուների համար դարձել է  իսկական սրբատեղի, այնտեղ խաչքար-արծվի հարևանութամբ տեղադրված են լեգենդ դարձած հերոսների լուսանկարները՝ Արցախյան 1-ին պատերազմում անհայտ կորած և զոհված հերոսների անուններով: Տեղադրված են նաև 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների նկարները:

Նրանք են՝ Լյովա Գուրգենի Ոսկանյանը, Էդգար Մամեյի Մուրադյանը, Գոռ Վարդանի Երմակովյանը, Իվան Արմենի Ներսեսյանը, Արտյոմ Վարդանի Վարդանյանը, Սուրեն Ծերունի Բաբայանը, և Հարություն Սեյրանի Մկրտչյանը:

Նշված անձինք նահատակվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Արցախյան 1-ին պատերազմում  անհայտ կորած և զոհվածներն  են՝ Աշոտ Հակոբի Դավթյանը,  Վահան Մկրտիչի Ավետիսյանը, Կարեն Վարազդատի Բաղդասարյանը, Գարիկ Լյովայի Աղաջանյանը, Զոհրաբ Մամեյի Խուդոյանը, և Սանասար Վաչիկի Փիլոյանը:


Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած ու լեգենդ դարձած Նոր Կեսարիայի հերոսնե՛ր:

Կռիվներում  ընկան  նրանք.
Ամեն  մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը  անապական,
Կնոջ՝ սերը,  հոր՝  ապագան...
Ամեն  մեկը՝  անգիր  մի  վեպ,
Ամեն  մեկը  անգին  մի  կյանք...

Ամեն  մեկը  ընկան  ա'յլ  կերպ.
Մերթ՝  ջրի  մեջ,  մերթ՝  հողի  տակ,
Մեկը  սրով,  տասը՝  հրով.
Մեկը՝  արդեն  հայտնի  հերոս,
Տասը՝  հերոս  դեր  չդարձած,
Մեկը՝  իր  մոր  արցունքներով
Թաց  նամակը  դեռ  չընթերցած,
Տասը՝  նամակ  սպասելիս,
Կարոտելիս,  երազելիս... 

Բայց  զոհի'  պես  չընկան  նրանք:
Ընկան  նրանք  իբրև  մարտի'կ,
Որ  սովոր  են  մահը  վանել
Իրենց  կյանքով՝  հանուն  կյանքի,
Որ  սովոր  են  զրկանք  տանել՝
Ընդդեմ  ցավի  ու  զրկանքի.
Որ  պատրսատ  են  հանուն  սիրո
Սիրուց  առնել  ատելու  թափ.
Եվ  անպարտ  են  ատելությամբ:
Որ  հզոր  են  հենց  այդ  սիրով.
Զոհի'  նման  չընկան  նրանք:
Ընկան  նրանք  իբրև  մարտի'կ,
Որ  փուլ  չգա  էլ  ապարանք,
Խաղաղ  մնա  ամեն  երդիկ,
Եվ  ծխանի  ծուխը  բարակ
Վե'ր  բարձրանա  պրա՜կ-պրա՜կ,
Քամուց  թերթվի  լուրթ  երկնքում.
Որ  էլ  ոչ  մի  ընտանիքում
Անտերացած  ոչ  մի  աթոռ
Չաղաղակի  դատարկությամբ
Թեյի  ժամին,  ճաշի  պահին.
Որ  արկերի  դղրդոցին
ՈՒ  հրդեհի  ահեղ  բոցին
Փոխարինեն  արծաթ  բահի
Զրնգոցը  երկնքի  տակ
Եվ  կարոտի  շշուկը  տաք:

Նրանք  ընկան  կռիվներում,
Բայց  ապրում  է  հոգին  նրանց
Ապրողների  հոգիներում.
Չի'  մեղմացել  ցավը  կրած,
Ատելուտյո'ւնը  փրփըրած
Եվ  հաղթության  տե'նչը  խորին՝
Ի  գիտություն  ա'յն  բոլորի,
Որ  նայում  են  շիրմին  նրանց
Միայն  իբրև  մի  բլուրի,
Որ  հարթվում  է  կամաց-կամաց, -
Անմիտի  պես  մոռանալով,
Որ  եթե  չար  թշնամու  դեմ
Ապրողները  իրենց  ուժով
ՈՒ  զենքով  են  անպարտելի,
Ընկածները  իրենց  հուշո'վ,
Վրեժո'վ  են  սարսափելի... 

Պարույր  Սևակ

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր