211652_close_icon
views-count30267 դիտում article-date 21:00 22-02-2022

Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլևս միջազգային մակարդակի ահազանգն է. ՀՀԿ

Արձագանքելով այսօր Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված հռչակագրին՝ ըստ որի նշված պետությունների միջև հարաբերություններն այլեւս անցնում են դաշնակցային մակարդակի, արձանագրենք հետեւյալը.   Գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնց արդյունքում Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ աղետաբեր իշխանազավթումը, շարունակվում են։

Այդ իշխանազավթման արդյունքում հետևողականորեն խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։

2018-ի մայիսից վարվող անհետևողական և հանցավորության աստիճանի տգետ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր նախաձեռնողականությունն ու այլ հնարավորություններով ինքնիշխանությունը ընդլայնելու և ամրապնդելու առիթները, որ մինչ այդ կային:

Գործող իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնը մխրճվեց և ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ բացահայտ բարձրացնելով Ադրբեջանի հետ կապված խաղադրույքները գլոբալ դիմակայության շրջանակներում։

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Հարավային Կովկասում ազդեցիկ դերակատարի իր դիրքերը և այս դավադիր կառավարիչների նպատակային գործողություններով բռնեց ինքնիշխանության մաշեցման ու հյուծման ճանապարհը։

Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է։

Ցավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ, ինչի արդյունքում արձանագրվել են հայ ժողովրդի համար մտահոգության առիթ հանդիսացող նոր դրսևորումներ։

Այսօրվա ռուս -ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է։

Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին անհապաղ ձեռնամուխ պիտի լինեն գալիք իշխանությունները։   

 ՀՀԿ գործադիր մարմին
 

Նմանատիպ նյութեր