211652_close_icon
views-count14221 դիտում article-date 15:02 20-02-2022

Համոզված եմ՝ հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա. Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ:

 Մասնավորապես նրա ուղերձում ասվում է.

«34 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ էր իր հզորությամբ, խորապես ազգային էր և ժողովրդավարական։

Համաժողովրդական շարժմամբ մեր ժողովուրդը կրկին ցույց տվեց իր միասնությունը, կարևորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու և վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման:
Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք հիշում և մեր գլուխները խոնարհում ենք մեր հերոսների՝ Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, վերջին երեք տասնամյակներում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ:

Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է: Այսօր մեր քայլերն ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը:

Համոզված եմ՝ հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ հանուն մեր իղձերի ու երազանքների իրականացման: Միայն այդպես կկարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զավակների հիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը:

Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»:

Նմանատիպ նյութեր