211652_close_icon
views-count1094 դիտում article-date 16:09 19-02-2022

​ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին

Փետրվարի 19-ին ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին:

Հայ մտավորականների պատվիրակությանն ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոքր դահլիճում հանդիպումը շարունակվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Արթուր Թովմասյանը ներկաներին շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է  պատերազմյան և ետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին:

Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական զարգացումներին, Արցախի կարգավիճակին ու այդ համատեքստում խորհրդարանական  օրակարգին առնչվող հարցեր:

«Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ նախաձեռնողները ներկայացրել են հայ մտավորականներին միավորող կառույցի ստեղծման նպատակը, այն է՝ համախմբել ազգն Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ: Նրանք հանդես են եկել հայությանն ուղղված ուղերձով ու ազդարարել են Ազգային միասնության խորհուրդ ստեղծելու, Արցախում համահայկական համաժողով հրավիրելու մասին:

Հանդիպմանը ներկա խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները ողջունել են հայ մտավորականների այցը Արցախ ու համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին