211652_close_icon
views-count1342 դիտում article-date 10:34 19-02-2022

Արցախը շարունակում է պայքարել իր իրավունքների համար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախցին հերթական անգամ վերահաստատեց, որ անկախությունն ու արժանապատվությունն իր համար լոկ բառեր չեն. ինչպես 34 տարի առաջ, այնպես էլ՝ հիմա Արցախը հավատարիմ է իր ինքնիշխանությունն ու ազատությունն ամեն գնով պահպանելու եւ պաշտպանելու նպատակին։

1988 թ. փետրվարի 20-ին արցախցիները ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց ազատ ապրելու իրավունքը։ Այդ օրը Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Նույն օրը Երեւանը նույնպես «ալեկոծված» էր, հայությունը ոտքի էր կանգնել հաջակցություն արցախահայության։

Փետրվարի 20-ին տրվեց ծանր եւ արյունալի պայքարի մեկնարկը, որն առաջին փուլում ավարտվեց հաղթանակով։ Հայ զինվորի բազուկը կերտեց փառահեղ հաղթանակ, քանի որ համայն հայությունն էր միասնական, դարձել էր մեկ բռունցք, մեկ սիրտ։ Ժամանակակիցները պատմում են, որ հեշտ չի եղել մարդկանց համար՝ դուրս գալ հրապարակ եւ բարձրաձայնել արդարացի պահանջը, որի իրականացումը սերունդներ էին երազել։ Ի վերջո, պիտի պոռթկար ցասումը՝ պատմական սխալն ուղղելու համար։ Հետագա վրիպումները, բացթողումներն ու սխալները հանգեցրին մի իրավիճակի, որից օգտվեց թշնամին։

Այնուամենայնիվ, այսօրվա ծանր պայմաններում, երբ թշնամին բռնազավթել է Արցախի Հանրապետության 75 տոկոսից ավելին, եւ վտանգված են անկախությունն ու արցախցիների անվտանգությունը, արցախցին մեկ անգամ եւս վերահաստատեց, որ հավատարիմ է ավելի քան երեք տասնամյակ առաջ ամրագրած նպատակին։ Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ երեկ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը՝ դրանով իսկ իրավական ձեւակերպում տալով կատարվածին եւ միաժամանակ տեր կանգելով իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր