211652_close_icon
views-count2287 դիտում article-date 18:18 18-02-2022

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հանդեպ բարբարոսություն է նախատեսվում․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօրինակ ձևաչափով երբեք որևէ մեկին չեմ դիմել: Ստիպված եմ, քանզի այլ տարբերակ չունեմ: Եվ այսպես՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պ-ն Դումանյան (Vahram Dumanyan),

Ի տարբերություն մյուս՝ բոլոր տեսակի և ձևաչափի իշխանավորների, ես Ձեզ հարգում եմ: Դրա համար շատ հիմքեր ունեմ: Այդ իսկ պատճառով հենց Ձեզ եմ դիմում:

Վստահ եմ, գիտեք, որ 1955թ կառուցված ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գլխավոր մասնաշենքն ընդգրկված է պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: 

Վստահ եմ, գիտեք, որ այդ մասնաշենքի դիմաց գտնվող ջրավազանում նախատեսում են բազմաֆունկցիոնալ շենք կառուցել:

Վստահ եմ, հասկանում եք, որ այդ կառույցի շինարարությամբ պատմական և մշակութային արժեք ունեցող շենքին էական վնաս է հասցվելու:

Վստահ եմ, գիտակցում եք, որ այդ կառույցի շինարարությամբ էական վնաս կպատճառվի գիտությանը:

Սրանից ավելի ասել չեմ ցանկանում, քանզի գիտակցում եմ, որ Ձեզ եմ դիմում: 

Պարոն Դումանյան, կանխեք ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հանդեպ նախատեսվող բարբարոսությունը: Ինչ-որ կերպ կանխեք: Ծառայեցրե՛ք օրենքով Ձեզ ընձեռնված լծակները, օգտվե՛ք Ձեր հեղինակությունից: Մի խոսքով, գործե՛ք:

Ի դեպ, սա առաջին հերթին հենց Ձեզ է պետք, քանզի 100 կամ 200 տարի հետո, թերթելով պատմության էջերը, մեր հետնորդները տեսնելու են, որ 2022թ ՀՀ գիտության ոլորտի պատասխանատուն Դուք էիք: 

Միայն չասեք, որ Ձեզանից ոչինչ կախված չէ: Այդ դեպքում, ես առնվազն կտարակուսեմ: 

Կարծում եմ, որ հասկացաք: 

Իսկ, եթե Ձեզ մոտ, այնուամենայնիվ, ոչինչ չստացվի, ապա ստիպված կլինեմ խնդրանքով Ձեզ դիմել. միջնորդե՛ք, որ ինձ վաճառվի ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց գտնվող ջրավազանը, որպեսզի ես էլ այդտեղ շինարարություն սկսեմ:

Շնորհակալություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր