211652_close_icon
views-count1755 դիտում article-date 22:42 17-02-2022

Նոր աշխատություններ՝ գիրք նվիրելու և մայրենի լեզվի օրերին ընդառաջ

Գիրք նվիրելու օրը  Հայաստանում  և  Արցախում 2008 թվականից  նշվող  նախաձեռնություն  է։
Օրը նշվում  է  յուրաքանչյուր  տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ: Այս գեղեցիկ օրը սահմանվել է սիրված մտավորական Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։
Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։
Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։

Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը: Այդ օրը վերածվում է տոնի բոլոր գրադարանների աշխատակիցների,հրատարակիչների գրքասերների մոտ:Նշված օրը տոնական է, բոլոր գրադարաններում կազմակերպվում  են տարաբնույթ միջոցառումներ,ցերեկույթներ,շնորհանդեսներ և ի վերջո մեկը մյուսին նվիրում են նոր հրատարակված գրքեր,ամսագրեր և այլն:

Գիրք նվիրելու տոնին հաջորդում է ևս մեկ գեղեցիկ ու ավանդական տոն,մայրենի լեզվի օրը:

Շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի  միջազգային  օրը նշվում է  նաև  Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, բացառիկ ճկունությանն ու չքնաղ այբուբենին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:

Այսպիսով՝Հայաստանում փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը: Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը, որը նշվում է 2000 թվականից:Եվ ահա կապված այս հիշարժան օրերի հետ խոսենք մի շատ գեղեցիկ նախաձեռնության մասին:Եվ ահա բավականին վերջերս  լույս են տեսել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» կոլեկտիվ աշխատությունն,ինչպես նաև նույն գերատեսչության ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող Մերի Սարգսյանի «Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» ու «Լեզվաբանության տեսության հարցեր»  մենագրությունները:Նշենք,որ Մերի Սարգսյանի գրքերը տպագրվել են Հայաստանի Հանրապետության  Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանի Vazgen Hambardzumyan խմբագրությամբ:

Մի քանի խոսքով գրքերի մասին: «Լեզվաբանության տեսության հարցեր» մենագրությունը հեղինակը նվիրել է իր սիրելի գիտական ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիանա Սամվելի Հովսեփյանի հիշատակին...Սա ըստ էության ընդլայնում է «Լեզվաբանության ներածություն հարցեր» և «Լեզվաբանության  հիմունքներ» դասընթացներում ընդգրկված հարցերի շրջանակը:Աշխատության մեջ քննության են ենթարկվում լեզվաբանության տեսության համեմատաբար քիչ ուսումնասիրված հարցերը,որոշ հարցեր ներկայացվում են նորովի,ամբողջացնում է դրանց վերաբերյալ նախկինում եղած պատկերացումը:

Ուսումնասիրության նպատակն է ներկայացնել լեզվաբանության տեսության առանցքային խնդիրների կանոնակարգման և հստակեցման հարցը, լեզվաբանության տեսության և սկզբունքների առաջադրման և կիրառման հարցերը,վեր հանել լեզվաբանական արդիական խնդիրները,նախանշել լեզվաբանության տեսության խնդիրների առանձնահատկություններն ու լուծման ուղիները:Նշված աշխատությունը կարող է օգտակար լինել ընդհանուր և հայ լեզվաբանությամբ զբաղվողների,ինչպես նաև մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար:

«Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» ուսումնասիրությունը նվիրված է էլեկտրոնային սրբագրման համակարգերի քննությանը:Ներկայացվում են հայալեզու և օտարալեզու սրբագրման համակարգերի առավելությունները և թերությունները,ինչպես նաև ուսումնասիրության արդյունքում ստեղծված սրբագրման նոր համակարգը,որը գործում է համացանցային առանձին կայքում՝armspell.am վեր հասցեի ներքո:Նշված ծրագիրը կարող է օգտակատար լինել թե՛Հայաստանում,թե՛Հայաստանից դուրս գտնվող ցանկացած մարդու համար՝անկախ սեռից,տարիքից,կրթական մակարդակից,բնակության վայրից: «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» գիրքը նվիրված է լեզուների ուսուցման արդիական խնդիրներին, ներկայացվում են համաշխարհայնացման մարտահրավերներին դիմակայելու ուղիներ և առաջարկներ:

Քննվում են մայրենի,օտար,երկրորդ և մասնագիտական լեզուների ուսուցման խնդիրները, երկլեզվության և բազմալեզվության հարցերը որպես 21-րդ դարի լուրջ հրամայական, վեր են հանվում լեզվաքաղաքականության խնդիրներ,ներկայացվում լեզվի ուսուցման նոր մեթոդներ և միջգիտակարգային եղանակներ:

Նշված աշխատությունը կարող է օգտակար լինել Հայաստանում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին,ովքեր կարևորում են հայերենի դերը և ուսուցումը օտարախոս միջավայրում՝հայապահպանության և հայերենապահպանության  նպատակներով, օտարերկրացիներին, ովքեր հետաքրքրված են հայերենի ուսուցմամբ և դասավանդումով:

Ասպիսով՝ հուսանք, որ մենագրությունները շատ շուտով հասանելի կդառնան համապատասխան մասնագետներին և լեզուներ ուսումնասիրողներին՝դառնալով ուղեցույց լեզուների ճիշտ դասավանդման համար:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի,
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի և Մերի Սարգսյանի ֆեյսբուքյան էջերից

 
 
                                        
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր