211652_close_icon
views-count35595 դիտում article-date 19:42 17-02-2022

Ուկրաինան և Դոնբասի հանրապետությունները փոխհրաձգություն են սկսել․ ՆԱՏՕ-ն և Կրեմլն արձագանքել են

shantnews.am-ը գրում է. Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները և Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 17-ին միմյանց մեղադրել են փոխհրաձգությունների և Դոնբասում հակամարտության սրման մեջ, հաղորդում է Лента պարբերականը։

Ըստ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ ուկրաինական ուժերը կրակ են բացել Լուգանսկի 5 բնակավայրի ուղղությամբ։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից նույնպես հայտնել են, որ ուկրաինացի զինվորականներն այսօր մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են բնակավայրերը ականանետների միջոցով։ Ըստ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար իրենք ստիպված են եղել պատասխան կրակ բացել։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտարարում է, որ հակառակորդը Դոնբասի մի քանի բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, որի հետևանքով վիրավորվել է մեկ ուկրաինացի զինծառայող և երկու խաղաղ բնակիչ։

Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ ինքնահռչակ հանրապետությունների տարածքից արձակված արկը հարվածել է Ստանիցա Լուգանսկայայի շրջանի մանկապարտեզի շենքին։ Երեք խաղաղ բնակիչ կոնտուզիա է ստացել, իսկ բնակավայրի կեսը մնացել է առանց էլեկտրականության։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ հակամարտության սրումը Ռուսաստանի կողմից փորձ է ստեղծել պատրվակ Ուկրաինա մտնելու համար։

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Կրեմլը Դոնբասի շփման գծում տեղի ունեցածն անվանել է սադրիչ գործողություններ Կիևի կողմից։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում լարվածություն աճում է, որը կարող է ամեն րոպե վերածվել պատերազմի նոր բռնկման։

Նմանատիպ նյութեր