211652_close_icon
views-count2087 դիտում article-date 20:34 17-02-2022

Պատերազմի ժամանակ Շուշիի և Հադրութի տները, մանկապարտեզները, դպրոցներն ու բուժկենտրոններն ուղիղ թիրախի տակ են եղել․ ՄԻՊ

Ստեփանակերտում Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին՝ ժամանակավոր կացարան:

Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցններ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։
Բոլորն էլ նշել են, որ թե´ Շուշի, թե´ Հադրութ քաղաքներում, հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։
Մարդիկ վկայել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները:

Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։

Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը:

Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ:

Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։

Մարդկանց բարձրացրած անհատական բոլոր խնդիրներն արձանագրվել են ըստ իրավասության ընթացք տալու նպատակով։

Արման Թաթոյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր