211652_close_icon
views-count1553 դիտում article-date 09:01 17-02-2022

Իրականում անկախ կառույցները դարձել են Փաշինյանի գրպանային ինստիտուտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական, գործադիր եւ օրենսդիր մարմինները, ըստ Սահմանադրության, անջատ են եւ համարվում են առանձին ճյուղեր, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այդ երեք առանձին ճյուղերն ու մյուս ինստիտուտները, որոնք իրականում պետք է անկախ կառույցներ լինեն, դարձել են նրա գրպանային ինստիտուտները, ինչը հենց հակասում է Սահմանադրությանը:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է փաստերը. 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ստանալով 71 մանդատ, կազմում է խորհրդարանական մեծամասնություն։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները համապատասխանաբար ստանում են 29 եւ 7 մանդատ (մեկը անկախ)։ Արդյունքում ձայների նման հարաբերակցության պայմաններում ՔՊ-ն ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի: Սակայն Սահմանադրության 88-րդ հոդվածն անգամ ասում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հաջորդ կառույցը, որ պետք է անկախ լինի իշխանություններից, դատական համակարգն է: Սահմանադրության հոդված 162-ի համաձայն՝ արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է, սակայն ունենք հակառակ պատկերը: 2020թ. հունիսի 22-ին մի քանի ժամվա ընթացքում ԱԺ այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն իրականացրեց սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում դադարեցին ՍԴ 3 անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները: Այնուհետեւ 2021թ. հունվարին ԱԺ մեծամասնության կողմից ԲԴԽ անդամներ ընտրվեցին ներկայիս իշխանություններին հավատարիմ Գագիկ Ջհանգիրյանը եւ Դավիթ Խաչատուրյանը:

Հաջորդ կառույցը, որի անաչառ աշխատանքն անհանգստացնում է իշխանություններին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է: Հեղափոխությունից շատ չանցած՝ ՄԻՊ Արման Թաթոյանի եւ իշխանությունների հարաբերությունները լարվեցին: ՄԻՊ-ի ընտրության դեպքում էլ քաղաքական որոշում է կայացրել՝ ընտրելով իր իսկ քաղաքական թիմի անդամ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։

Մյուս կառույցն էլ ՀՀ նախագահի ինստիտուտն է. Ըստ Սահմանադրության՝ Արմեն Սարգսյանը պետության գլուխն է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Այժմ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, որը որեւէ պարագայում չի համապատասխանում Սահմանադրությամբ պահանջվող չեզոքության պահանջներին եւ չի կարող առանցքային դեր ունենալ իշխանության 3 ճյուղերի միջեւ հավասարակշռումը ապահովելու հարցում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր