211652_close_icon
views-count1701 դիտում article-date 10:17 16-02-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ է տրամադրել․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային տրամադրել է մինչև մեկ միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ՝ նրա տնտեսական բարեփոխումների ծրագրին աջակցելու համար, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Այս առաջարկը, որը զուգորդվում է Ուկրաինայի, ԱՄՀ-ի, այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, G7-ի և այլ երկկողմ դոնորների միջև ամուր գործընկերության հետ, կամրապնդի Ուկրաինայի կարողությունը՝ իր ժողովրդի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը Ռուսաստանի ապակայունացնող պահվածքի պայմաններում ապահովելու համար», - ասել է Բլինքենը։

Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցության պայմաններում, որը միտված է օգնելու Կիևին պաշտպանել տնտեսությունը վերջին տարիների ռուսական ճնշումներից:

Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ 2014-2016 թվականներին ԱՄՆ-ն Ուկրաինային երեք վարկային երաշխիքներ է տրամադրել՝ յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլարի։

«Վարկերի այս երաշխիքները կարևոր դեր են խաղացել Ուկրաինային օգնելու հարցում, հաջողությամբ կայունացրել են նրա տնտեսությունը՝ ի դեմս նախորդ ռուսական ագրեսիայի, և օգնել իրականացնելու համարձակ տնտեսական բարեփոխումների օրակարգը, որն ապահովված է ԱՄՀ-ի հետ հավակնոտ համագործակցությամբ», - ասաց Բլինքենը:

2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 2 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինայի զարգացման համար:

«Մենք լրացուցիչ ուղիներ ենք փնտում Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցելու համար, և մենք կշարունակենք աշխատել Կոնգրեսի հետ՝ այդ ջանքերն առաջ մղելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նմանատիպ նյութեր