211652_close_icon
views-count2154 դիտում article-date 23:38 15-02-2022

Լավրովը ողջունել է Իրանի կողմից «3+3»-ի հաջորդ հանդիպման հյուրընկալումը

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դիվանագետը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ ի թիվս այլ հարցերի խոսելով նաև «3+3» ձևաչափի՝ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դոկտոր Ամիր Աբդոլլահիանի հետ զրույցում ողջունել է Իրանի կողմից «3+3»-ի հաջորդ հանդիպման հյուրընկալումը:

Լավրովը նաև հույս է հայտնել, որ այդ համաժողովը կապահովի տարածաշրջանային երկրների շահերը և կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:

Զրուցակիցները խոսել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների մասին:

Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց էին ունեցել նաև մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 8-ին: Այդ զրույցի ընթացքում ևս նախարարները քննարկել էին Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները:

Հարավային Կովկասի հարցերով Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ. Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, չնայած որ հրավիրված են եղել, բայց չեն մասնակցել հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր