211652_close_icon
views-count1324 դիտում article-date 20:18 14-02-2022

Արցախը՝ գիտական հանրության ուշադրության կենտրոնում. ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարարի գրքերի շնորհանդեսը

Փետրվարի 12-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ և նրա «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)՝ «Քրդերն ու թաթերը» և «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գրքերի շնորհանդեսը։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ: Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով Դավիթ Բաբայանին և հանդիպման մասնակիցներին, նշեց. «Մեր մտավորականությունը, մեր գիտնականներն իրենց սրտի խորքում որպես գերագույն խնդիր պահում են Արցախը և Արցախի հետ կապված հարցերը: Ողջունում ենք ձեզ և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»:

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Սաղյանին և ՀՀ ԳԱԱ անձնակազմին: «Մենք միշտ կարևորել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցությունը՝ որպես մեր ժողովրդի, մեր պետականության, գիտության առանցքային կառույց: Ակադեմիան միշտ պետք է լինի մեր ինտելեկտուալ ներուժի կիզակետը: Խորհրդանշական է, որ այս շնորհանդեսը տեղի է ունենում հենց Գիտությունների ազգային ակադեմիայում, և դա ինձ համար մեծ պատիվ է», - նշեց Դավիթ Բաբայանը: Ներկայացնելով «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)՝ «Քրդերն ու թաթերը» գիրքը՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել Ադրբեջանի պատմությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը: Առանց դրա մենք ավելի քիչ պատրաստ կլինենք այն մարտահրավերներին, որոնք գալիս են այդ երկրից:

Այս համատեքստում ուսումնասիրում ենք ազգային փոքրամասնությունների պատմությունն ու քասղաքականությունը»: Խոսելով «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գրքի մասին՝ Դավիթ Բաբայանը նշեց. «Ջրային հիմնախնդիրն եղել է մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը: Ժամանակին Արցախը ջրային տեսակետից շատ բարձր անվտանգության համակարգ ուներ, որովհետև մենք վերահսկում էինք մեր բոլոր ջրային ռեսուրսների ակունքները:

2020 թվականի պատերազմից հետո իրավիճակն արմատապես փոխվել է, և մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այդ գործընթացներին»: Հանդիպման մասնակիցները Դավիթ Բաբայանին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ-ի գիտնականները նշեցին, որ տարիներ շարունակ ուսումնասիրվել են Արցախի պատմամշակութային հուշարձանները, առկա են գիտական, փաստագրական տվյալներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային հանրությանը:

Երիտասարդ գիտնականները ևս պատրաստակամություն հայտնեցին աջակցելու արցախահայությանը և ներգրավվելու Արցախի կրթական ու գիտական կյանքում:

Արձագանքելով հարցերին, Դավիթ Բաբայանը, մասնավորապես, շեշտեց. «Ադրբեջանը հայագիտությունը դարձրել է ռազմավարական ամենակարևոր ուղղություններից մեկը, և մենք էլ պետք է ադրբեջանագիտությունը դարձնենք մեր կարևորագույն ուղղություններից մեկը: Ես գիտեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիան ունի այդ ներուժը, պետք է ամեն ինչ անենք, որ ակադեմիան արտաքին քաղաքականության մեջ ունենա իր կարևոր ասելիքը»:

Նմանատիպ նյութեր