211652_close_icon
views-count13330 դիտում article-date 10:12 13-02-2022

Խոշոր հրդեհ Երևանում. «Հաղթանակ» թաղամասում տունը և կից փայտաշեն տնակն ամբողջովին վերածվել են մոխրակույտի. հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է մոխրացած դի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր հրդեհ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01: 00–ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հաղթանակ»  թաղամասի ամառանոցային 12-րդ տարածքի տներից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հրդեհի վայր են ժամանել ԱիՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության  «ԲԻՍ 1» աստիճան:

Լրացուցիչ ժամանել են Երևանի թիվ 1, թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից լրացուցիչ մարտական հաշվարկներ:

Հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա կանխել այն:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է ՀՓԱԿ ՀԽ-ից փրկարար ծառայության մայոր Մարդանյանը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:

Տեղում հրդեհի վայրը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Նորայր Հակոբյանն ու Նաիրի Ստեփանյանը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի կատարել իրենց աշխատանքները:

Մինչ հրշեջ-փրկարարների հրդեհի վայր ժամանելը, քաղաքացիների օգնությամբ հրդեհի վայրից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը ծանր ախտորոշմամբ Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխել Ք. Գյուրզանդյանին:

Հրդեհը մարելուց հետո հրշեջ-փրկարարները տան մեջ հայտնաբերել են  34-ամյա Հռիփսիմե Ա.-ի դին:

Պարզվել է՝ ամբողջությամբ այրվել ու մոխրակույտի է վերածվել Արթուր Սուքիասյանին պատկանող թիվ 37/1  տունը, նրան կից փայտաշեն տնակն ամբողջությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Տեղում մի քանի ժամ ծառայություն են կատարել նաև Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ հրամանատար Գևորգյանի և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Փալայանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր