211652_close_icon
views-count6649 դիտում article-date 21:48 12-02-2022

Ռուսաստանը մտնում է ցնցումների լուրջ փուլ. Հայկ Մարտիրոսյան

Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը, որ այսօր առավել քան երբևէ իրատեսական է և հնարավոր` ելքի մեկ սցենար ունի և դեպի այդ ելք տանող երկու ուղի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Ուղիներից մեկը ռուսական զորքի հաջողությունն է և Կիևում իշխանափոխությունը` կրեմլյան խամաճիկի տեղադրմամբ:

Երկրորդ ուղին` ռուսական զորքերի դժվարությունների հանդիպելն է և Ուկրաինայի վիետնամացումը, որ կստեղծի մի իրավիճակ, որ քաղաքագիտական տերմինով կոչվում է quagmire. Այլ խոսքերով` ծուղակ, որից ելք չկա: Այդ դեպքում` երբ ռուսական զորքերը ծանր կորուստներ կունենան, Կրեմլի համար ելք կարող է լինել 2008թ. Վրաստանի օրինակով` Արևմուտքի հուժկու ճնշման տակ հնարավորությունից օգտվելն ու զորքերն արագ դեպի ելման կետ հետ տանելը:

Երկու ուղիներն էլ մեկ ելք են ունենալու:

Արևմուտքի վճռականությունը` ամբողջ միասնությամբ կործանել Ռուսաստանը կամ առնվազն հեռացնել նախագահ Պուտինին:

Դրա համար տնտեսական բոլոր լծակներին Արևմուտքը տիրապետում է: Տիրապետում է և ռազմական մեթոդների` Ռուսաստանի համար մղձավանջ ստեղծելու համար: Ոչ ռուս-ամերիկյան կամ եվրոպա-ամերիկյան ուղղակի բախման տեսքով: Այլ` դասական պրոքսի տարբերակով` շարունակելով զինել, հետախուզական տեղեկատվություն տրամադրելով և ուղղակի ուկրաինական ռազմական օպերացիան ուղիղ ուղղորդելով:

Այս ամենը Կրեմլում թերևս հասկանում են: Եվ եթե այնուամենայնիվ գնան պատերազմի և հարձակման ուղով` դա կնշանակի միայն մեկ բան. որ Կրեմլում այլևս որևէ բանականություն չի մնացել և որ Կրեմլը որոշել է թուրքական մարտավարություն կիրառել և գնալ վաբանկ` հանուն իր անչափ ռիսկային գաղափարի և դերի բարձրացման հնարավորության:

Դա նաև կնշանակի, որ Ռուսաստանն արագ ծնկի կգա արդյունքում:

Ամեն դեպքում` Ռուսաստանը մտնում է ցնցումների լուրջ փուլ: Առաջիկա օրերը ցույց կտան թե Կրեմլն իր երկրի համար ինչպիսի ուղի կորդեգրի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր