211652_close_icon
views-count2150 դիտում article-date 19:09 12-02-2022

Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում

Միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համանման հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, միանշանակ կնպաստի բանակցային գործընթացի աշխուժացմանը նշված ձևաչափով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի մասին:

«Ինչքան շատ խոսվի դրա մասին և ինչքան շատ բարձրաձայնվի դրա մասին ազդեցիկ երկրների կողմից, այնքան, իհարկե, ավելի լավ է: Եվ լավ է, որ դրա մասին խոսում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այլ նաև այլ երկրներ: Նույն Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, կովկասյան քաղաքականության մեջ վաղուց է ներգրավված, և եթե իրենք այդպես են կարծում Արցախի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ,  նորմալ է: Ինչքան շատ այդպիսի կարծիքներ լինեն, այնքան լավ», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Թագավորության դեսպանը այս մեկնաբանությունը տվել էր՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:

«Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում», - մեկնաբանել էր Միացյալ Թագավորության դեսպանը:

Նմանատիպ նյութեր