211652_close_icon
views-count146743 դիտում article-date 13:25 12-02-2022

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. Գոշ գյուղի նախկին գյուղապետի 32-ամյա տղան, ՈՒԱԶ-ով անտառային ճանապարհին մոտ 120 մետր գլորվելով, կողաշրջված բախվել է ծառին, վարորդի դին ու վիրավորին դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Գեղատափ բնակավայրի տարածքում՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառում, և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերտիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ պխայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան անտառամիջյան ճանապահի երթևեկելի գոտուց դուրս է եկել և մոտ 120 մետր գլորվել ու կողաշրջված վիճակում բախվել հաստաբուն ծառին։

Վթարի հետևանքով փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լ. Հովակիմյանին, ում այնուհետև իրենց ավտոմեքենայով դժվարանցանելի ճանապարհով մոտ 12 կմ տեղափոխել են ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Այնուհետև ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի՝ Տավուշի մարզի բնակիչ, 32-ամյա Ս. Վերանյանի դին։

Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դին պատգարակով տեղափոխել են ավտոմեքենան, որն էլ այն դարձյալ ոմտ 12 կմ տեղափոխելով մոտեցրել է «Դիլիջան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարմանն կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտե Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովիկ Խաչատրյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մամիկոն Դավթյանի և քննիչ Գ. Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մահացածը Գոշ գյուղի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանի որդին է, և հայրն ու որդին ոչ միայն գյուղում, այլև Տավուշի մարզում վայելում էին ժողովրդի սերն ու համակրանքը, հայրն էլ միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահով ընտանիքներին։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանները վթարի վայրում՝ դիակից քիչ հեռու, հայտնաբերել են որսորդական հրացան։ 

Ճանապարհը մոտ 14 կմ վտանգավոր էր, քանի որ անտառային հատված էր ու միայն ամենագնացով էր հնարավոր մոտենալ վթարի վայրին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր