211652_close_icon
views-count1701 դիտում article-date 10:59 12-02-2022

Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարևանների հետ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեկնարկել են Հայաստանի՝ արեւելյան եւ արեւմտյան սահմանակից պետությունների հետ հարաբերություններ հաստատելու գործընթացները: Աներկբա է, որ այդտեղ մեր կողմից պետք է արվեն պրագմատիկ, գիտականորեն հիմնավորված հաշվարկներ՝ մեր պետության դիմակայունության բարձրացման ուղղությամբ, ոչ միայն սպասվող էժան ապրանքների եւ կապիտալի հոսքերին դիմակայելու առումով, այլեւ հասարակական-քաղաքական գործընթացներում: Հայաստանը հարաբերություններ է սկսում երկրների հետ, որոնք արդի աշխարհում կարեւորագույն՝ ժողովրդավարության հարցերում, մեղմ ասած, լավ վիճակում չեն: Ներքին հասարակական-քաղաքական, հետեւաբար նաեւ տնտեսական ոլորտներում ժողովրդավարության ցածր ցուցանիշ ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելն էական ռիսկեր ու լրացուցիչ խոչընդոտներ է պարունակում:

Սովորաբար տարածաշրջանային ցանկացած քաղաքակիրթ փոխգործակցության  արդյունավետությունը մեծապես կախված է այդտեղ գտնվող երկրների իշխանությունների վարքից, որի հիմնական ցուցիչը ներքին ժողովրդավարությունն է: Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական եւ վերլուծական ընկերության հրապարակած ամենամյա զեկույցում՝ «Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում, ամրագրվել է, որ 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը եւ կրկին դասվել «հիբրիդային ռեժիմների» շարքին:

Բրիտանական վերլուծական կենտրոնը հայտնում է, որ այս երկիրը հնարավոր 10-ից հավաքել է 4.35 միավոր։ Այս առումով առանձնակի վատ են Ադրբեջանի ցուցանիշները, որը 2.68 միավորով 141-րդն է: Վերջին տարվա ընթացքում Վրաստանում ծավալված քաղաքական գործընթացների հետեւանքով նվազել է նաեւ այս երկրի գործակիցը. չնայած վերջինս պահպանել է 91-րդ հորիզոնականը, բայց ժողովրդավարության ցուցիչն իջել է մի քանի տասնորդական կետով եւ կանգնել 5.12-ի վրա: Այս կարեւոր ցուցիչով տարածաշրջանի լավագույն ցուցանիշն ունի Հայաստանը, որը 5.49 միավորով 89-րդ հորիզոնականում է: Միանշանակ է, որ մեր երկրում հետպատերազմյան գերշիկացած քաղաքական մթնոլորտի բացակայության  դեպքում այս ցուցանիշն ավելի բարձր էր լինելու:

«Economist Intelligence Unit» կենտրոնը նման գնահատականները հաշվարկում է արդեն երկար տարիներ մշակված եւ կիրառվող մեթոդով՝ հատուկ ցուցիչների ու չափանիշների վերլուծությամբ, որն առավելագույնն է արտացոլում երկրների ժողովրդավարության վիճակը: Ժողովրդավարության վերոնշյալ ցուցանիշները չեն կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա: Շատ դեպքերում իր երկրի ներսում առկա խնդիրներից սեփական հասարակության ուշադրությունը շեղելու համար իշխանություններն արտաքին թիրախներ են ստեղծում եւ սկսում պայքարել դրանց դեմ՝ հաճախ նաեւ սանձազերծելով բացահայտ պատերազմներ, ինչպես արեցին Թուրքիան եւ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր