211652_close_icon
views-count1652 դիտում article-date 10:23 12-02-2022

ԱՄՆ պետքարտուղարը նորից շեշտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ օրը շեշտել է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման իր նախապատվությունը: Ավստրալիայի Մելբուրն քաղաքում լրագրողների հետ անցկացված ճեպազրույցում Բլինքենը խոսել է Ռուսաստանի հետ կապված հարցերում ԱՄՆ-ի ռազմավարության մասին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը» հղում անելով «Ռոյթերս» լրատվական գործակալությանը։

«Մենք գործադրել ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ ներգրավելու Ռուսաստանին, դիտարկելու նրա բարձրացրած մտահոգությունները, կիսելու մտահոգությունները, մեր եվրոպացի գործընկերների ու դաշնակիցների մտահոգությունները, տեսնելու համար, թե արդյոք մենք չենք կարող գտնել հավաքական անվտանգությանը վերաբերող հարցրերը փոխադարձաբար առաջ մղելու ուղիներ», ասել է Բլինքենը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Բլինքենը նաև նշել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժում իրականացնելու հանգամանքը:

«Մենք հստակորեն դասակարգել ենք այդ հետևանքները, որոնք ներառում են տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ, արտահանման վերահսկում: Մենք նաև պատրաստ ենք շարունակել զարգացնել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները, ինչպես նաև ուժեղացնել ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունն ընդդեմ ռուսական ագրեսիայի», ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պնդում է, թե Ուկրաինա ներխուժելու ծրագիր չունի, սակայն Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական ուժերի զանգվածային տեղակայումը մեծ մտահոգություն է առաջ բերել Միացյալ Նահանգներում և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների շրջանում:

Ռուսաստանը կտրականապես դեմ է, որ Ուկրաինան կամ նախկին խորհրդային որեւէ այլ հանրապետություն դառնա՝ ՆԱՏՕ-ի անդամ: Մոսկվան ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն զերծ մնա այստեղ զենքեր տեղակայելուց եւ պահանջում է զորքերը հետ քաշել Արևելյան Եվրոպայից։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն կտրականապես մերժել են Մոսկվայի այս պահանջները։

Նմանատիպ նյութեր