211652_close_icon
views-count1559 դիտում article-date 14:14 09-02-2022

Շիրակում կսկսվի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը». Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օրերս Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, որը հանդիսանալու է մասշտաբային ծրագրի հիմք:

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Շիրակի մարզում շուտով կսկսվի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը», որի ընթացքում շիևակցր տղաները կկարողանան մասնագիտական հմտությունները զարգացնելով առաջիկայում իրենց ճիշտ տեղը գտնել աշխատաշուկայում:

Ծրագիրն իրագործելու է «Իմ Քայլը» հիմնադրամը և մեկնարկը կտրվի Շիրակի մարզում:

«Ծրագրի նպատակն է վերաինտեգրել վիրավոր զինվորներին ՝ որպես հասարակության լիարժեք անդամներ՝ առողջ հոգեկան ներաշխարհով և սոցիալական կապերով։ Ծրագրի առաջնահերթություններից է ընտանիքներում առողջ մթնոլորտի վերականգնումն ու առողջ ընտանիքի պահպանումը՝ որպես հասարակության կարեւորագույն բջիջ։ Ուզում եմ ընդգծել, որ վերականգնողական շրջանից հետո մասնակիցները կկարողանան վերադառնալ աշխատանքի շուկա։ Սա հնարավորություն կտա ծրագրի մասնակիցներին ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի կարիքները», – ասել է Աննա Հակոբյանը։

Ի դեպ, նախօրեին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ մարզպետն արդեն զրուցել է աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: Մարզպետարանի ու հիմնադրամի աշխատակիցներն արդեն ակտիվ կապի մեջ են ծրագիրն իրագործելու նպատակով:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Նազելի Բաղդասարյանն այցելել են նաև «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն, որից հետո եղել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել ուսումնառության մեջ գտնվող երեխաների հետ:

Այցի ավարտին տիկին Հակոբյանն ու մարզպետն հանդիպել են նաև Ադրբեջանում պահվող շիրակցի գերեվարված տղաների մայրերի հետ:

Նմանատիպ նյութեր