211652_close_icon
views-count22231 դիտում article-date 21:20 05-02-2022

Դանակահարություն Պտղնի գյուղում գործող «Լանա» գիշերային դիսկո-ակումբի դիմաց. բժիշկները պայքարում են 28-ամյա և 25-ամյա վիրավորների կյանքի համար

Երեկ՝ փետրվարի 4-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 05:00-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից հետին անօթային գծով կրծքավանդակի ծակած վերք» և «ձախից գլխի ճակատային շրջանի կտրած վերք, ձախից հետին անօթային գծով, մեջքի գոտկային շրջանի, աջից ազդրի հետին մակերեսի երրորդականի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
 
Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 25-ամյա Նարեկ Վարդանյանը: Վերջինս այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզությոան և համայնքային  ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջիններս գտնվել են Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանա» գիշերային դիսկո-ակումբում, որից հետո ակումբի դիմացից նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող առարկաները հայտնաբերելու ուղղությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր